Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

«Բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Սաշա Գալստյանի մոր` Սոֆի Գալստյանի հետ։ Տիկին Սոֆին ասում է, որ իրենց ընտանիքն օրինակ է եղել երեխաների համար, ու Սաշան անգամ ասում էր, որ ինչպես հայրն ու մայրն են իրար հետ շփվում, այ այդպիսի ընտանիք ու փոխհարաբերություններ էլ ինքն է ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե ժամանակը հետ տանք, Սոֆի Գալստյանի կյանքում փոխելու շատ բան չենք հայտնաբերի` ամուր ընտանիք, ընտանիքի ներսում՝ իրար հանդեպ հարգանք ու անսահման հոգատարություն. տիկին Սոֆին երջանիկ կին էր։

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Սոֆի Գալստյանը ծնվել, մեծացել է Հոկտեմբերյանում։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է մանկավարժական տեխնիկում, որն ինչ–ինչ պատճառներով կիսատ է թողել ու տարկետում վերցրել, որ հաջորդ տարի շարունակի։ Հաջորդ տարին, սակայն, իր հետ այլ ծրագրեր է բերել` տիկին Սոֆին հանկարծակի ու շատ արագ ամուսնացել է։

Մոտս 2 կերպար է խառնվել` որդեկորույս մոր և մոր, որ պետք է կրտսեր որդուս. Լիլիթ Ավագյան

«Ամուսնուս` Վաչագանի ընտանիքի հետ մեր ընտանիքը մտերիմ էր ու մտքովս երբեք չի անցել, որ մեր մեջ կարող է ինչ–որ բան լինել։ Սակայն, երբ Վաչագանը բանակից եկավ ու ինձ առաջարկություն արեց, ամեն ինչ փոխվեց։ Այնպես էր ստացվել, որ իրենց ընտանիքում բոլորն էլ իրարից անկախ իմ` որպես Վաչագանի կնոջ, թեկնածությունն էին ուզում»,–ասաց տիկին Սոֆին։

Թե՛ տիկին Սոֆիի, թե՛ ամուսնու ընտանիքները ցանկացել են մեծ հարսանիք անել։ Նրանք շուտ ամուսնանալու մտադրություն չեն ունեցել, սակայն քանի որ ամուսնու մայրը վատառողջ է եղել ու օրեցօր վիճակը վատացել է, որոշել են շուտ ամուսնանալ. նշանադրությունից մեկ շաբաթ անց ամուսնացել են։

«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը

Ամուսնանալուց հետո տիկին Սոֆին գնացել է տեխնիկում, որպեսզի գործերը հետ վերցնի, քանի որ մտածել է` չի հասցնի սովորել։ Տնօրենը, սակայն, հետ չի տվել նրա փաստաթղթերն` ասելով, որ թող որոշ ժամանակ անցնի ու եթե տեսնի, որ իրոք Սոֆին չի փոշմանել որոշման համար, այն ժամանակ հետ կվերադարձնի դրանք։ Տեխնիկումի տնօրենը չի սխալվել. տիկին Սոֆին խոստովանում է` փոշմանել է, բայց արդեն ուշ էր։ «Մեր տնօրենը ճիշտ էր, ես իրոք փոշմանեցի։ Ամուսնացանք, ծնվեց առաջնեկս` Սաշս (բացի Սաշայից, կինը երկու աղջիկ ունի) ու արդեն չէի կարող կրթությամբ զբաղվել։ Եթե ժամանակը հետ տայինք, կփորձեի կրթությունս լրացնել։ Շատերն աշխատում են պետական հիմնարկներում ու երբ տեսնում եմ նրանց գրառումներում առկա սխալները, մտածում եմ` ինչո՞ւ պետք է դիպմոլ չունենալը խանգարեր, որ ես էլ աշխատեի։ Կան մարդիկ, որ դիպլոմ, աշխատանք ունեն, բայց իրենց տեղում չեն, գիտելիք չունեն»,–ասում է տիկին Սոֆին։

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Նա հավաստիացնում է, որ կրթությունից բացի այլ բան չէր փոխի, քանի որ ունի աշխարհում ամենաթանկ բանը` լավ ընտանիք։ Ամուսինների միջև հարգանքն ու սերը միայն տիկին Սոֆիի պատմելով չէ նկատելի. նրանց հետ գոնե մեկ ժամ շփվողն մարդը կարող է փաստել այդ մասին։ Ամուսինն անգամ մութուցուրտ տարիներին փետրվար ամսին կնոջ համար ձմերուկ է գնել` ծախսելով մեկ ամսվա աշխատավարձը։

Մի կռվիր, թե չէ ավելի վատ կլինի. Տոնոյանը ճիշտ բառեր գտավ

Տիկին Սոֆիենց ընտանիքում մինչև 2016–ի ապիրլյան քառօրյան ավանդույթ է եղել երեկոյան միասին ընթրելն ու սեղանի շուրջ օրվա անցուդարձն ամփոփելը։ «Ցանկացած հարց մեր ընտանիքում միասին էինք որոշում, քննարկում։ Սաշս ասում էր` մամ, ոնց որ դու ու պապան ենք, այ այդպիսի ընտանիք եմ ուզում ունենալ։ Ու հաստատ ունենալու էր։ Երբ Սաշը խոսում էր իր` կազմելիք ընտանիքի մասին, աչքերը փայլում էին, քանի որ մեզ հետ էր ասոցացնում այն»,–ասում է տիկին Սոֆին։

Ապրիլյան քառօրյայից հետո, սակայն, կենսուրախ ընտանիքի ավանդույթները փոխվել են, նրանք դարձել են ինքնամփոփ` ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը նախընտրում է ժամանակն անցկացնել իր սենյակում։ Տիկին Սոֆին ասում է` ապրել է երազելով, դրան զուգահեռ` ծրագրել դրանց հասնելու ճանապարհը. ամեն ինչ ճիշտ ուղով է գնացել մինչև 2016–ի ապրիլը։ Ամեն անգամ, բանակում գտնվող տղայի հետ խոսելիս, մայրն ասել է, որ զգույշ լինի, քանի որ տան միակ հույսը տղան է, իսկ Սաշան վստահեցրել է` ողջ–առողջ հետ է վերադառնալու։

Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին

«Երբ Սաշի զոհվելու լուրը հայտնեցին, ասացի` հնարավոր չէ, չի կարող նման բան պատահել. իմ տղան այնքան ճշտախոս էր, որ չէր կարող չվերադառնալ բանակից, նա ինձ այլ բան էր խոստացել... Ապրիլյան քառօրյան երբ սկսվել էր, այդ գիշեր տղաս զանգեց ու խնդրեց, որ բոլորին քնից արթնացնեմ` ուզում էր նրանց հետ խոսել։ Փոքր քրոջն ասաց` ոտքդ գազից չհանես, ինչպես գերազանց սովորել ես, այդպես էլ կշարունակես»,–հիշում է տիկին Սոֆին։

Նրա համար կյանքը գունազրկվել է հիմա, ցանկություն–նպատակների մասին խոսելու իմաստ անգամ չկա։ Տիկին Սոֆիին ապրել «օգնում» է փոքր աղջիկը. կինը հիշում է, որ տղայի զոհվելուց հետո մի անգամ խոստովանել է աղջկա մոտ, որ այլևս չի ուզում ապրել, իսկ վերջինս տվել է պատասխան, որը սթափեցրել է մորը. «Սաշը գնաց, քույրս ամուսնացել ու  իր ընտանիքն ունի, իսկ ե՞ս»։

Տիկին Սոֆին նշում է, որ գոհ է Աստծուց` կիրթ, խելացի երեխաներ ունի, միայն թե դեռ չի հասկացել` ինչի՞ համար էր Սաշի կորուստը։ «Չգիտեմ` ինչո՞ւ այսպես դասավորվեց կյանքս, գուցե ինչ–որ բան սովորեցնելու համար էր։ Այսօրը շատ ցավոտ է, բայց ես նաև հպարտ եմ. կենդանության օրոք ես իմ տղայով շատ եմ հպարտացել, հիմա էլ եմ հպարտ, իհարկե, սա նախկին հպարտությունը չէ` սիրտ մաշող հպարտություն է։  Գիտակցում եմ նաև, որ  հիմա բոլորն են Սաշայով հպարտանում։ Ամեն ինչ իրար է խառնվել, քանի որ մտածում եմ նաև` երանի ոչ ոք չճանաչեր տղայիս, երանի ոչինչ չունենայի, բայց Սաշս կողքիս լիներ»,–ասում է նա։

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Տիկին Սոֆին նշում է, որ հիմա կորցնելու էլ ոչինչ չունի։ Ասում է ու մեղավոր հայացքով նայում փոքր աղջկան` ավելացնելով, թե գուցե կգա մի ժամանակ, որ կփոխի կյանքի հանդեպ վերաբերմունքը...