Կեղծված սննդամթերք Հայաստանում. վաճառվող թթվասերներում բուսական յուղ է հայտնաբերվել

Տեսչական մարմինը թթվասերի չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ, որը կեղծված ապրանքատեսակ է համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանյան խանութներում վաճառվող թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Բուսական յուղ պարունակող թթվասերներն են.

  • «Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),
  • «Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),
  • «Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019),
  • «Զանգեզուր» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Արման Աղաբեկյան (արտադրության օրը՝ 02.03.2019)

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նշված արտադրատեսակները ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Կարա՞գ, թե՞ ալպիական. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ… Օգտատիրոջ ահազանգի «յուղածո» հետքերով

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Նշենք, որ ավելի վաղ անցկացված ստուգումների արդյունքում բուսական յուղ էր հայտնաբերվել նաև հետևյալ թթվասերներում. «Սմետանա Մասլովնա» ((18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.), թթվասեր 18%-ոց (արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.), «Կովիկ» (13%) (արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.)։