Երևանը խնդրել է մեծացնել ԱԷԿ–ի արդիականացման վարկի մարման ժամկետը

Հայաստանը նպատակահարմար է համարում մեծացնել ՌԴ պետական վարկի մարման ժամկետը, որը հատկացվել է Հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգելու նախագծի ֆինանսավորման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանը դիմում է Ռուսաստանին` առաջարկելով հետաձգել ԱԷԿ–ի արդիականացման ՌԴ վարկի մարման ժամկետը, քանի որ վճարման միակ աղբյուրն այնտեղից ստացվող էլեկտրաէներգիայի վաճառքն է։ Այս մասին հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի ատոմակայանն այս տարվա ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի աշխատի

«Ուզում եմ բարձրացնել հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման աշխատանքների հետաձգման հետ կապված հարցը։ Մենք պարզել ենք մի քանի պատճառներ՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ»,- Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքով` նախագիծը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է վարկի գործողության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև վարկի մարման սկզբի հետաձգման մասին որոշում կայացնել։ Առայժմ վարկի ամենամյա վճարումների միակ աղբյուրը ատոմակայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի իրացումից ստացված միջոցներն են

ԱԷԿ–ի ժամկետի երկարացման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարությունից ստացած 270 միլիոն վարկային գծով ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականին, իսկ կայանը կկարողանա գործել մինչև 2027 թվական։