Կուբայական ռիթմերը և Համասյանը. Գոնսալո Ռուբալկաբան Ջազի միջազգային օրը կնշի Երևանում

Երևանում ապրիլի 30-ին ելույթ կունենան համաշխարհային ջազի աստղերը։ Կազմակերպիչները իսկական տոն են խոստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ջազի միջազգային օրը` ապրիլի 30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում հանդես կգա կուբացի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան (Gonzalo Rubalcaba)։

Ինչպես է Ջորջ Ավագյանն իր անունը գրել պատմության մեջ

Այս անգամ նա կժամանի իր բասիստի` Մեթյու Բրյուերի (Mattew Brewer) և թմբկահար Էրիկ Հարլենդի (Eric Harland) հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց միջոցառման կազմակերպիչ և Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։

«Գաղափարը` իսկական տոն կազմակերպելն է ջազի իրական սիրահարների համար, որոնք հավաքվում են, սիրված երաժշտություն են լսում և տոնում նրա «ծնունդը»», – ասաց նա։

Երևանն աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկն է, որը տոնում է Ջազի միջազգային օրը համաշխարհային մայրաքաղաքների հետ մեկտեղ։ Միջոցառման հիմնական նպատակը հանրահռչակումն է ջազի, որը, ի տարբերություն մյուս երաժշտական ժանրերի, շատ մոտ է հայ հասարակությանը, քանի որ հենց Երևանն է համարվել Խորհրդային միության ջազի մայրաքաղաքը։

Ինչո՞ւ են հայերը ջազ լսում. Sputnik–ի հյուրը Գարի Քյոսայանն է

Ավանդույթի համաձայն` Կասկադում համերգ կկազմակերպվի, որի ժամանակ ելույթ կունենան տարբեր սերունդների հայ ջազ երաժիշտներ։ Տոնական միջոցառումներ հավանաբար կանցկացվեն նաև Գյումրիում և Ստեփանակերտում։ Այս տարի տոնակատարության ձևաչափում փոփոխություններ են տեղի ունեցել, և Ռուբալկաբայի եռյակի ելույթը` դրանցից մեկն է։ Համերգի ժամանակ երևանյան հանդիսատեսը բացի եռյակի հագեցած և հետաքրքիր համերգային ծրագրից, կկարողանա վայելել նաև թմբկահար Էրիկ Հարլենդի սոլո կատարումը, պատմեց Սաղոյանը։

«Սա Գոնսալո Ռուբալկաբայի առաջին ելույթը չէ Երևանում։ Նա մասնակցել է նաև Yerevan Jazz Fest–ին և սիրվել հայ հանդիսատեսի կողմից։ Այդ է պատճառը, որ հենց նա է ընտրվել։ Սակայն այս անգամ որոշում էր կայացվել նրան հրավիրել եռյակի կազմում», – նշեց նա։

Հենց ջազ փառատոնից հետո Ռուբալկաբայի և հայ երաժիշտ Տիգրան Համասյանի միջև բարեկամություն հաստատվեց։ Եվ այսօր նրանք աշխատում են ալբոմի վրա, որի շնորհանդեսը նախատեսված է տարեվերջին։ Համասյանից և Ռուբալկաբայից բացի ևս երկու դաշնակահար է ելույթ ունենալու, որոնց անունները նա չհայտնեց։

Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Ցավոք, Համասյանը Ջազի միջազգային օրն արտերկրում է լինելու, և համերգին մասնակցել չի կարողանա։

«Հայ ունկնդիրը խստապահանջ է, գերադասում է ոչ թե դասական ջազ լսել, այլ էթնիկ ջազ և նոր մոտեցումներ է սիրում։ Հավանաբար, դրանում է հենց Համասյանի ֆենոմենը, որը մշտապես փոխվում է, զարգանում և գնալով ավելի հանրաճանաչ դառնում աշխարհում», – նշեց Սաղոյանը։

Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանում ջազը երիտասարդների երաժշտություն է, այն լսում է նաև երիտասարդ սերունդ, որը բաց է ամեն նորի, էքպերիմենտալի և հետաքրքիրի համար։

Եվ արդեն ապրիլի 30-ին ջազի բոլոր երկրպագուները կծանոթանան Yerevan Jazz Fest–ի ծրագրի հետ, որն այս տարի տոնում է իր 5-ամյակը և ավելի բարձր չափանիշ և մասնակիցների լայն աշխարհագրություն է խոստանում։