Տղաների հետ մարզվելն Անուշ Գրիգորյանին հաղթանակ է ապահովել Եվրոպայի կանանց առաջնությունում

Վերջերս Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ դարձած Անուշ Գրիգորյանը և նրա մարզիչ Խաչիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացում են հաջողության գաղտնիքն ու խոսում անելիքների մասին։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն աննախադեպ հաջողության հասավ` նվաճելով հինգ մեդալ: Բայց լավագույն նվաճումն, անկասկած, Անուշ Գրիգորյանի ոսկե մեդալն էր:

Երբ նայում ես փոքրամարմին Անուշ Գրիգորյանին, դժվարանում ես հավատալ, որ այս աղջնակը կարող է ռինգում հարցեր լուծել: Բայց արդեն բազմիցս համոզվել ենք, որ Անուշը ռինգում կերպարանափոխվում է ու ի հակադրություն իր արտաքին մեղմ տեսքի, վերածվում իսկական մարտիկի: Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն է: Հայ բռնցքամարտիկն իր կարիերայում հասավ հերթական հաջողությանը` երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչմանը ավելացնելով Եվրոպայի ուժեղագույնի կոչումը:

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Տեղին է նշել, որ 22 տարեկանների մրցաշարն արդեն շատ մոտ է համարվում մեծահասակների առաջնությանը, ու մեծ ռինգում որոշ անհաջողությունների մատնվելուց հետո Անուշը այս հաղթանակով, կարելի է ասել, ինքն իրեն խթանեց դեպի նոր նվաճումներ. «Շատ սպասված ու ցանկալի նվաճում էր ինձ համար: Ես չեմ էլ կարող ասել, թե ինչքան ուրախ եմ: Իմ կարիերայում կարծում եմ այս տիտղոսը բեկումնային կլինի: Ես նորից հավատացի, որ կարող եմ ավելիին հասնել»- նշեց Անուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում:

Անուշի մարզիչ Խաչիկ Խաչատրյանի կարծիքով հայ բռնցքամարտիկի հաղթանակը օրինաչափ էր, որովհետև նախապատրաստական շատ լավ փուլ էին անցել: Բայց մարզիչը հաղթանակի մեջ տեսնում է նաև Հայաստանի հավաքականի մյուս անդամների լուման։ «Անուշի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեն մեր հավաքականի տղաները»,- ասում է մարզիչը:

Հետաքրքիր է`տղաներն ինչ ներդրում են կատարել կանանց մրցաշարում մեր պատվիրակի հաղթելու համար: Պարզվում է, որ մարզումային գործընթացում Անուշն անընդհատ մարզվել է տղաների հետ: Իսկ տղամարդկանց բռնցքամարտը, բնականաբար,ր էականորեն տարբերում է կանանց մենամարտերից. «Տղաների հետ մարզվելով սովորում ես ուժեղ հարվածներին դիմանալ, ավելի արագ տեղաշարժվել, ավելի արագ է աշխատում ռեակցիան: Ես շատ շնորհակալ եմ, որ մեր հավաքականի տղաները ինձ օգնեցին դառնալ Եվրոպայի չեմպիոն: Եվ իմ հաղթանակը դա մեր ընտանիքի` Հայաստանի հավաքականի հաղթանակն էր»- խոստովանում է Անուշը։

Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն

Ինչպես ասվում է`ախորժակը բացվում է ուտելիս, ու հիմա մենք ուզում ենք օլիմպիական խաղերում տեսնել ոչ միայն տղամարդ բռնցքամարտիկների, այլ նաև կանանց ելույթները: Չէ որ բացի Անուշ Գրիգորյանից, Վլադիկավկազում հաջող հանդես եկավ նաև Անի Հովսեփյանը, ով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Կոնկրետ Անուշը նշում է, որ կանանց հավաքականի համար դժվար կլինի օլիմպիական ուղեգիր վաստակելը, բայց դա առաջնային նպատակ է. «Ես երազում եմ դուրս գալ օլիմպիական ռինգ և ամեն ինչ կանեմ դրա համար: Շատ լավ հասկանում եմ, որ օլիմպիական վարկանիշ վաստակելը հեշտ չէ, բայց արդեն սովորել եմ դժվարությունները հաղթահարել, առավել ևս, որ կողքիս կանգնած են ճանաչված ու հմուտ մասնագետներ ու թիմակիցներ»,- սա Անուշի կարգախոսն է մինչև 2020 թվականի օլիմպիական խաղերը:

Նա խոստանում է ուժ ու եռանդ չխնայել` Տոկիոյի ուղեգիր ունենալու համար: