Ինչո՞ւ են ուշանում նպաստները. պարզվում է` պետական համակարգում պարապ մարդիկ շատ կան

Անապահով խավի նպաստների ուշացման համար վարչապետը բացատրություն պահանջեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ինչո՞ւ են ուշանում նպաստները: Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխան պահանջեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից: Նախարարը հայտնեց, որ խնդիրներ են եղել պետական համակարգի էլեկտրոնային համակարգերում: Խնդիրներ են եղել նաև տարածքային սոցապ բաժիններում ու մարզպետարաններում:

Փաշինյանը խոստացավ պատժել գազի գնի մանիպուլյացիաներ անող օլիգարխներին

«Տարածքներում մարտի 29-ից սկսվել է թոշակների, նպաստների տրամադրումը: Եվ 10 օրվա ընթացքում պետք է Հայփոստն այս գործողություններն ավարտի»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նա նաև նշեց, որ այդ խնդիրները կառավարության գործառույթից դուրս են, վճարումների համար պատասխանատու են մարզպետարաններն ու տարածքային կառույցները:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հայտնեց, որ պետական համակարգում օրենքով նախատեսված է աշխատել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ, և դրանով աշխատող պաշտոնյաները պարտավոր են ունենալ էլեկտրոնային ստորագրություններ, որպիսիք առ այսօր ունեն ոչ բոլորը:

«Որ ասում եմ պետական համակարգում լիքը պարապ մարդ կա»,- ասաց վարչապետը և տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց հանել այդ մի քանի հազար անձանց ցուցակը, ովքեր լավ չեն աշխատել, չեն ապահովել, որ անապահով խավերը ժամանակին ստանան իրենց նպաստները:

«Այդ մարդիկ, ովքեր չեն ապահովել հանձնարարականի կատարումը, օպտիմալացման ժամանակ լինելու են օպտիմալացվողների ցուցակի առաջին տեղերում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ այդ մարդիկ իմանալով, որ աշխատելու համար պարտավոր են էլեկտրոնային ստորագրություն ունենալ, դրա համար ոչ մի քայլ չեն ձեռնարկել: