Հայաստանը լավ օրինակ է դարձել «Արևելյան գործընկերության» համար. Սվիտալսկի

ԵՄ դեսպանը հայտնեց, որ առաջիկայում կկայանա «Արևելյան գործընկերության» անդամ երկրների նախագահների հանդիպումը` հետագա համագործակցության հեռանկարների քննարկման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը լավ օրինակ է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների համար մեծ փոփոխություններ իրականացնելու ու պետական կառավարման որակը բարձրացնելու առումով։ Այս մասին այսօր ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` ծրագրի մեկնարկի 10–ամյակին նվիրված Երևանում կայացած ֆորումի ընթացքում։ Նա կարծում է, որ երկրում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը։

Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

Սվիտալսկու խոսքով` այսօրվա ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի հայկական կողմը ընդգծի` ինչ ուղղությամբ է ուզում համագործակցել «Արևելյան գործընկերության» հետ։

ԵՄ դեսպանը վստահեցրել է նաև, որ «Արևելյան գործընկերության» ծրագրում թաքնված ոչ մի օրակարգ չի եղել, ամենասկզբից եղել է գաղափար ամրապնդել հարաբերությունները Եվրամիության ու արևելյան հարևանների հետ։

Նա վստահ է, որ նախորդ տասը տարիների ընթացքում ծրագիրն իր դրական ու չափելի արդյունքներն է տվել։ Սվիտալսկին հիշեցրել է, որ ԵՄ–ն չեղարկել է վիզային ռեժիմը «Արևելյան գործընկերության» անդամ վեց երկրներից երեքի համար, ինչը կարևոր է հասարակ քաղաքացիների համար։ Դիվանագետի խոսքով` Եվրամիության տրամադրած գումարների շնորհիվ գործընկեր երկրներում հազարավոր աշխատատեղեր են բացվել։

Դեսպանը նաև ընդգծել է, որ առաջիկայում կկայանա ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպումը համագործակցության հետագա հեռանկարների քննարկման համար։