ՊԵԿ-ի պարգևավճարները կավելանան. կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց

Այս նախագիծը ՀՀ վարչապետը կարևորեց հարկային ու մաքսային մարմինների աշխատանքների որակը բարելավելու, կոռուպցիան ու ստվերը բացառելու և հարկահավաքության ցուցանիշները բարելավելու առումով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է 2.3 միլիարդ դրամով ավելացնել ՊԵԿ 2019 թվականի պարգևատրման ֆոնդը:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս որոշման նախագիծը Փաշինյանը որակեց որպես «2018թ.-ի ամենասկանդալային» թեմայի շարունակություն`ակնարկելով տարեվերջին ՊԵԿ պաշտոնյաների ստացած միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարների մասին լուրերը:

ՊԵԿ–ն ամեն ամիս պարգևատրումներ է տալու. Դավիթ Անանյանը խոստացավ

Այս նախագիծը ՀՀ վարչապետը կարևորեց հարկային ու մաքսային մարմինների աշխատանքների որակը բարելավելու, կոռուպցիան ու ստվերը բացառելու և հարկահավաքության ցուցանիշները բարելավելու առումով:

«Շարքային մաքսավորը ստանում է 160 000 դրամ աշխատավարձ: Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների հետ գործ է ունենում, ստանում է ընդամենը 160 000 դրամ: Սա ուղղակի ուղերձ է, որ մենք այդ մաքսավորին ասում ենք` գնա, տես`ինչ ես անում, գնա քո գլխի ճարը տես»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ համակարգից ստվերի ու կոռուպցիայի վերացման համար աշխատավարձի բարձրացումը` պարգևավճարների միջոցով, անհրաժեշտ է:

Ատոմ Ջանջուղազյանն էլ հիշեցրեց, որ պարգևավճարները չեն կարող գերազանցել աշխատավարձի 30 տոկոսը և համոզմունք հայտնեց, որ պարգևավճարներով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի մասին վկայում է համակարգում մինչ օրս տեղ գտած երևույթները:

Ֆինանսների նախարարը համոզմունք հայտնեց, որ դրա համար անհրաժեշտ է գտնել համակարգային լուծում, իսկ պարգևատրումներ պիտի ստանան ոչ թե բոլորը, այլ միայն աշխատանքի մեջ աչքի ընկած աշխատակիցները:

100 տոկոսով համաձայնելով Ջանջուղազյանի դիտարկումների հետ` Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, նշեց, որ այս քայլը փորձ է փուլային եղանակով լուծելու առկա խնդիրը:

«2017թ.-ին ՊԵԿ-ն ունեցել է 6 մլրդ դրամ պարգևատրման ֆոնդ, բացի այդ այստեղ ծրարերով ստվերային գումարներ են վճարվել` ըստ օդում կախված լուրերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ առաջարկվող լուծումը նախկին իրավիճակի և ապագայի միջև միջանկյալ լուծում է: Իսկ ապագայի աշխատանքի և կոռուպցիան բացառելու մեխանիզմները ՊԵԿ նախագահը կառավարության ղեկավարին կներկայացնի մինչև մայիսի վերջը:

Հարցն ընդունվեց, բայց ֆինանսնարի նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանը նախագծին դեմ քվեարկեցին:
Նշենք, որ սա, կառավարության համար արտառոց երևույթ է: Գործադրի որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայն: