ՊԵԿ–ն ամեն ամիս պարգևատրումներ է տալու. Դավիթ Անանյանը խոստացավ

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ՊԵԿ–ը չի դադարելու իր աշխատակիցներին պարգևատրումներ վճարել։ Դրանք ամեն ամիս էլ տրվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները շարունակելու են պարգևատրումներ ստանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով ՊԵԿ–ում պարգևատրումների մասին հարցին:

Անանյանի խոսքով, ՊԵԿ–ում պարգևատրումներ վճարվում են ամեն ամիս։

Ջանջուղազյանը հայտնեց, թե քանի տոկոս են կազմել նախարարության պարգևավճարները

«Այս ամսվա պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջին, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որը օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,-ասաց Անանյանը:

Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի պարգևատրումների թեմայի շուրջ հասարակության շրջանում բարձրացած աղմուկին, Դավիթ Անանյանը չհամաձայնեց լրագրողների այդ դիտարկմանը։

«Հասարակական աղմուկ չէի ասի, եկեք դրա անունը դնենք հանրային վրդովմունք: Բայց մենք որոշակի վերադասավորումներ ենք արել, այսօր մենք ոչ թե որպես պարգևավճարներ ենք տալիս, այլ համարեք, որ դրանք աշխատավարձի հավելավճարներ են, որպես արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ։ Այո՛, պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում, բայց լինելու են խելամտության շրջանակում»,– ասաց Անանյանը

Հիշեցնենք` ՊԵԿ-ում 2018թ.–ի տարեվերջին վճարված պարգևատրումների թեման մեծ աղմուկ էր հանել, հատկապես, որ մամուլի հրապարակումների համաձայն, դրանք որոշ դեպքերում մի քանի միլիոնների են հասել։