«Գրավատներն անսահմանափակ տոկոսներ են վերցնում, բայց բողոքում հարկերից». Դավիթ Անանյան

Գրավատները և փոխանակման կետերը բողոքում են ապագա բարձր հարկերից, բայց միաժամանակ շրջանցում են մի շարք կարևոր փաստարկներ, նշեց Դավիթ Անանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանում գրավատներն անսահմանափակ տոկոսներ են գանձում, բայց բողոքում են բարձր հարկերից։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Ավելի քիչ «ձախ» առևտուր. Հայաստանի խանութներում սկսել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է գրավատների ու արժույթի փոխանակման կետերի համար 60 անգամ ավելացնել պետտուրքերը։  Նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպությունների համար գործող 500 հազար դրամի փոխարեն սահմանել տարեկան 1 միլիոն դրամ տուրք, վճարահաշվարկային համակարգերի համար` 250 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, վարկային բյուրոների համար` 500 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, բանկերի համար` 3 միլիոնի փոխարեն 7 մլն դրամ, գրավատների համար` 100 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ, արժույթային դիլերների համար` 100 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ։

Այդ բիզնեսի ներկայացուցիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց։

Բայց թե՛ փոխանակման կետերը, թե՛ գրավատները պետք է հաշվի առնեն երկու կարևոր պահ, նշեց Անանյանը։

Հայերը չեն հոգնում մեքենա գնելուց. դրանք շատացել են, իսկ մաքսազերծումը` էժանացել

«Պետտուրքի գումարը հանդիսանում է շահութահարկի հարկման բազան նվազեցնող ծախս: Հիմա պետք է նայենք, որ այդ պետտուրքի 18 տոկոսի չափով իրենք հնարավորություն են ունենալու նվազեցնել իրենց հարկման օբյեկտը: Եթե իրենք հայտարարում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ և իրենց եկամուտները հայտարարագրել են ամբողջությամբ ու հարկերը վճարել են ամբողջ ծավալով, ապա իրենք որևէ խնդիր չպետք է տեսնեին տուրքը 100 հազարից 6 մլն դրամ դարձնելու առումով: 6 մլնի 18 տոկոսը կազմում է մոտ 1 մլն 100 հազար դրամ, այսքանով պակաս շահութահարկ պետք է վճարեին», - նշեց Դավիթ Անանյանը:

Բացի այդ, գրավատները հիմա աշխատում են անսահմանափակ տոկոսով։ Բանկերը և վարկային կազմակերպություններն իրավունք չունեն 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով վարկեր տրամադրել։ Իսկ գրավատները ցանկացած տոկոս կարող են դնել։

«Միաժամանակ, անցած տարի 129 գրավատներ վճարել են ընդամենը 140 միլիոն դրամ հարկ», – ասաց Անանյանը։

Նշենք, որ փոփոխությունների նախագծի համաձայն, գրավատների և փոխանակման կետերի համար պետտուրքերը պետք է ուժի մեջ մտնեն 2020թ–ի հունվարի 1–ից։