ՌԱԴԻՈ

Դանակահարության հոդվածով պատանին հետո դարձավ օրինակելի հրամանատար. Ալեքսանդր Մինասյան

Զինվորական հարցերով փաստաբան Նորայր Նորիկյանն ու Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հիմնադիր, ՀՀ ռազմական ինստիտուտի առաջին պետ, բանակի գնդապետ Ալեքսանդր Մինասյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել են հայկական բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերություններին և դրանց հետևանքով առաջացած կոնկրետ դեպքերին:
Sputnik

Փաստաբանի համոզմամբ՝ մեր սպայական կազմի, զինծառայողների մարդու իրավունքների հարցը խնդրահարույց է։ Այդ իրավունքները հաճախ չեն հարգվում զինված ուժերում։

Բանակի հետ կապված խնդիրները պետք է քննարկման դրվեն հասարակական դաշտում, և ընդհանրապես բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները պետք է արմատախիլ արվեն։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ զինված ուժերում պետք է արմատապես փոխել հին մտայնությունը, հարգել մարդկանց իրավունքները, իսկ իրավապահ համակարգը, սկսած ռազմական ոստիկանությունից ու դատախազությունից, պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։

Ալեքսանդր Մինասյանն իր հերթին կարևորում է զինվորների հետ տարվող հոգեբանական աշխատանքն ու կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Ճիշտ ու շարունակական աշխատանքի դեպքում արդյունքը կլինի ակնհայտ: Մինասյանի սաներից մեկը, իր իսկ հավաստմամբ, նույնիսկ քրեական օրենսգրքի հետ խնդիրներ ունենալուց հետո Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում ստացել է ճիշտ դաստիարակություն և հետագայում դարձել զորամասի օրինակելի հրամանատար: