Երեք տարի առաջ այս օրը հիմնականում 18-20 տարեկան զինվորները, իրենց նույնքան ջահել սպաների հետ` որպես իրական ու մարտական եղբայրներ, դիմակայեցին լայնածավալ հարձակման անցած հակառակորդին: Հարյուրից ավելի լուսավոր տղաներ երեք տարի առաջ այս օրն ընկան անհավասար ու ճակատագրական մարտերում, բայց հաղթեցին մահին: Զի ինչպես դեռ դարեր առաջ մեր իմաստուն գրիչներից մեկն է ասել՝ իմացեալ, նույնն է, թե գիտակցված մահը անմահություն է: Հիրավի՛:
Բայց խնդիրն այն չէ միայն, որ փորձության պահին մեր զինվոր-երեխաներն ու դեռ մի կարգին բեղ-մորուս չունեցող երիտասարդներն իրենց վարքով, գործով ու քաջությամբ, անմնացորդ նվիրմամբ ու ինքնազոհությամբ կանգնեցին որպես իսկական երկրի տերեր ու հաստատուն, ահեղ, դյուցազնական այրեր: Երևույթ է այն, որ և մեր լուսավոր այդ տղաները, և իրենց անմոռանալի սխրանքը խթանեցին, արագացրեցին ու ընդգծեցին այն, ինչը տեղին է բնորոշել որպես ինքնության ու ազգային, քաղաքացիական ինքնագիտակցության զարթոնք:
Վերջին մեկ տարվա ներքաղաքական վայրիվերումների հետ կապված հաճախ է գործածվում այդ բառը՝ զարթոնք: Որով էլ շատերը պայմանավորում են տեղի ունեցածը: Բայց իրական զարթոնքը, այնուամենայնիվ, երեք տարի առաջ էր, ծանր ապրիլի այդ ճակատագրական օրերին: Որն է նման գնահատականի կամ բնորոշման հենքը:
Մտովի հետ գնանք և վերհիշենք այն հույզերն ու ապրումները, որոնցով այն օրերին համակվեցին բոլորը՝ թե Հայաստանի քաղաքացիներս, թե մեր ազգակիցները՝ աշխարհի տարբեր անկյուններում:
Թե ինչ էր կատարվում սփյուռքում, չեմ կարող ասել: Բայց երբեք չեմ մոռանա այն, ինչ կատարվում էր իմ շուրջը՝ աշխատավայրում, տանը, բակում, փողոցում, ամենուր: Նման վերելք մեկ էլ 88-ին եմ հիշում ու 91-ին՝ անկախության վերականգնման օրը:
Իսկ 2016-ի այս օրը, ավելի ճիշտ՝ գիշերը հակառակորդը լայնածավալ հարձակում էր սկսել, որը հետո պիտի բնորոշվեր որպես «քառօրյա պատերազմ», ինչը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, և ավելի տեղին է «ապրիլյան պատերազմ» ձևակերպումը: Բայց դա մի կողմ:
Ոչ մի պետական կառույց, պետական բարձրաստիճան այր կամ այլ գործիչ հրապարակային կոչերով ու հայտարարություններով հասարակությանը չէր դիմել, ոչ մի հատուկ հայտարարություն կամ ուղերձ չէր հնչել: Բայց արդեն կեսօրին մոտ մարդիկ խմբերով, ընկերներով, հարազատներով ու ընդհանուր մղումով միանգամից հարազատացածներով եռուզեռի մեջ էին, կազմակերպվում էին ու ինքնակազմակերպվում, մեծ մասը՝ ժամ առաջ մարտական գործողությունների վայր հասնելու և բանակին նեցուկ ու օգտակար լինելու համար, մի մասը՝ անհրաժեշտ պարագաներ, սնունդ, դեղորայք, մթերք հասցնելու, մյուսները՝ ինչով կարող են օգտակար լինելու համար:
Դա իրական համախմբում էր, իրական համերաշխություն ու միակամություն` առանց կոչերի, հայտարարությունների, փքուն ճառախոսության ու առանց ցուցադրականության: Նման բաներ էլ եղան, իհարկե, ինչն անխուսափելի էր, բայց նման դրսևորումներն էլ եկան կարծես էլ ավելի ընդգծելու համար իրական զարթոնքն ու այդ հորձանքի ուժը:
Ի լրումն ամենի, 2016-ի այդ օրը թե՛ մեր չուզողները (այսպես ասենք), թե՛ մնացած բոլորը տեսան ու, անկասկած, հասկացան, որ չնայած ամեն ինչին, չնայած նսեմացման ու ինքնանսեմացման, արատավորման մղված հովերին ու քարոզչական ծովերին, արմատն ու բունը իրենց առանցքում առողջ են, կենսունակ ու համախմբվելու ընդունակ, հատկապես՝ փորձության ժամին:
Ժողովուրդը, որ ունակ է նման միասնականության ու համախմբման, մշտապես ավելիին է արժանի: Ու ավելիին կարող է հասնել, եթե այդ կորովն ու ոգին պահում է խորքում, ասես՝ անթեղված, բայց «իքս պահին» այնպես բոցավառվելու համար, որ ոչ մեկին քիչ չի թվա:
Շատ են եղել խոսակցություններ «ապրիլյան պատերազմի» վերաբերյալ. հաղթանա՞կ, թե՞ ոչ մոտեցումներով: Ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա մնում եմ նույն համոզմանը, որ դա, անկասկած հաղթանակ է: Հիմա է՛լ ավելի համոզված եմ դա ասում: Ու խոսքը ծեծված ու հոգնեցրած ինչ-որ «բարոյական հաղթանակի» մասին չէ ամենևին: Խոսքը հենց իրական հաղթանակի մասին է: Որն է այս մի գնահատականի հենքը:
Իսկ հենքը հակառակորդի նպատակների բացարձակ ձախողումն էր: Ի վերջո, հակառակորդի նպատակը ո՞րն էր (թեպետ, երբ է հակառակորդն այլ նպատակ ունեցել). «կայծակնային պատերազմ» կոչվող մարտավարությամբ հակամարտության գոտու ողջ երկայնքով կամ առնվազն հարձակման հիմնական ուղղություններում հասնել վճռական հաջողության, «շփման գծում» ստանալ այնպիսի ձեռնտու դիրքավորում, որը թույլ կտա ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական-բանակցային հարթության վրա պայմաններ թելադրել դիմացինին այսինքն՝ մեզ:
Այդ ռազմավարական նպատակադրումներն են, որ կատարելապես ձախողվեցին ու ջախջախվեցին երեք տարի առաջ, այս օրերին: Հակառակորդի այդ ծրագրերն էին, որ տապալվեցին: Ու տապալվեցին, ինչպես նռնականետով Նարեկ Մալխասյանի խոցած ուղղաթիռը, ինչպես Մարատ Պետրոսյանի և Շուլի Հակոբյանի ոչնչացրած տանկերն ու զրահատեխնիկան, ինչպես…
Տապալվեցին, որովհետև չնայած ամեն ինչին և չնայած ոչ մի այլ բանի, հակառակորդի դեմ ելան իրենց մարտական դիրքերում մինչև վերջ կանգնած ու կռված այնպիսի տղաներ, ինչպես 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու իր հերոսական ջոկատը՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը… և մեր բոլոր, բոլոր տղաները՝ զոհվածներն ու նրանց վրեժը լուծած ու դեռ լուծող զինակիցները:
Եվ դրա համար է, որ հիշատակի ու խոնարհման օր է: Զոհվածների հիշատակի առջև՝ խոնարհում, նրանց ու իրենց մարտական ընկերներին, հաղթողներին՝ երախտագիտություն: Ու ոչ թե սգալու, այլ հենց հպարտանալու, ոչ թե ողբալու, այլ սթափ ու զգոն մնալու, մեր կյանքով ու գործերով արժանի լինելու համար: