ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի, երբ պատեհ ժամանակը գա։ Այսօր «Եռաբլուր» պանթեոնում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ–ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է նրա գնահատականը»,– ասաց նա։
Նրա խոսքով` մեկ հարցազրույցով դժվար թե հնարավոր լինի ընդգրկել բոլոր հարցերի շրջանակը։
«Բայց հավաստիացնում եմ, որ Սարգսյանի առաջնորդական խոսքը շուտով լինելու է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։ Երբ Սերժ Սարգսյանը որոշի խոսել, խոսելու է հայկական լսարանի հետ։ Ֆորմատի մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, տարբեր ձևաչափեր են քննարկվում։ Արդեն ունենք մեկ տասնյակ հրավեր տարբեր լրատվամիջոցներից, որ հարցազրույցը կազմակերպվի հենց իրենց հետ»,– ասաց Աշոտյանը։
Նա ավելացրեց, որ թեև իրենք գրեթե ամեն օր շփվում են, բայց իրեն էլ է շատ հետաքրքիր լսել Սերժ Սարգսյանի խոսքը։ Աշոտյանը վստահեցրեց` Սարգսյանը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել։
Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն, բայց չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն մեկ նախադասություն ասաց։
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» էր այցելել նաև ՀՀ ղեկավար կազմը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։