Քաղտեխնոլոգը պարզաբանել է Փաշինյանի ու Տոնոյանի հռետորաբանությունը

Նախկին իշխանության հասցեին հնչող մեղադրանքների պատճառներից մեկը տարիներ շարունակ նրանց թույլ հայտարարություններն էին` ի պատասխան Բաքվի պաշտոնական հռետորաբանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր ռազմավարություն են որդեգրել, որն ավելի շատ հիշեցնում է բարի ու չար ոստիկանների դերերը։

Վիեննայի հանդիպման հետքերով. Երևանը կբանակցի Բաքվի հետ, բայց վառոդը չոր կպահի

Բարի ոստիկանի դերում տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չար ոստիկանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Փորձագետը կարծում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունը համաձայնեցված է եղել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում Փաշինյանն ասել է, որ դրական է գնահատում բանակցությունները, ու պետք չէ վերաբերել դրան որպես մի կողմի պարտություն ու մյուս կողմի հաղթանակ։ Նման դրական տրամադրվածությունը «խափանեց» պաշտպանության նախարարը, որը Նյու Յորքում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասեց, նաև, որ Հայաստանը այդ խրամատային, անընդհատ պաշտպանողական վիճակից անցնելու է հարձակողականի, ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։ Սա ի՞նչ է նշանակում։ Նա ասել է. «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես վերաձևակերպել ենք. մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։

Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան

«Պաշտպանության նախարարը չէր կարող սեփական նախաձեռնությամբ նման հայտարարություններ անել։ Նա վարչապետի հետ նույն քաղաքական թիմի անդամ է։ Դա միջազգային պրակտիկայի մեջ տարածված մեթոդ է. չար ու բարի ոստիկան խաղալը։ Գործիչներից մեկը ավելի փափուկ դիրքորոշում է ցուցադրում, բայց այդ փափկությունը փոխհատուցվում է մյուսի ավելի կոշտ հռետորաբանությամբ», – ասում է Բադալյանը։

Փորձագետի խոսքով` բարդ է ասել, թե որքանով այդ մարտավարությունը կարդարացնի իրեն հակամարտության կարգավորման ապագա բանակցություններում։ Խնդիրը չափազանց ծավալուն ու խորն է, այստեղ իրենց դերակատարությունն ունեն նաև բազում այլ գործոններ։ Հնարավոր է, որ իշխանությունը որոշել է, որ այդ մարտավարությունը տեղին է Վիեննայում կայացած հանդիպման ֆոնին, որտեղ քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերը համակարծիք չեն։

Նախկին իշխանության հասցեին հնչող մեղադրանքների պատճառներից մեկը տարիներ շարունակ նրանց թույլ հայտարարություններն էին` ի պատասխան Բաքվի պաշտոնական հռետորաբանությանը։ Հիմա Հայաստանի իշխանությունը որոշել է այլ տրամաբանությամբ գործել, կարծում է  մեր զրուցակիցը։ Դժվար թե դա էականորեն ազդի բանակցային գործընթացի որակի վրա, սակայն կարող է որոշակի հոգեբանական ազդեցություն ունենալ Ադրբեջանի ղեկավարության վրա։

Հիշեցնենք` «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ Տոնոյանի արտահայտությունը նրա պաշտոնի տրամաբանության մեջ է։ Ավելին, վարչապետի խոսքով, եթե նախարարն այլ հայտարարություն աներ, ապա ինքը կազատեր Տոնոյանին պաշտոնից։