Մանվել Գրիգորյանին կփոխարինի Սասուն Միքայելյա՞նը

Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ ԵԿՄ–ն փորձելու է ուժեղանալ և երբեք չի դառնալու իշխանության հովանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երկրապահ կամավորների միության (ԵԿՄ) վարչության այսօրվա նիստում կառույցի նախագահի պաշտոնում առաջադրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

«Իմ թեկնածությունն են առաջադրել, քանի որ բոլորին ճանաչում եմ։ Տարաձայնությունները պետք է դուրս հանել ԵԿՄ–ից ու համախմբվել»,– նիստից հետո լրագրողներին ասաց Միքայելյանը։

Հարցին, թե չի՞ ստացվում, որ Միքայելյանը Մանվել Գրիգորյանի տեղն է զբաղեցնում այն դեպքում, երբ ժամանակին պնդում էր, որ նրա տեղի վրա աչք չունի, Միքայելյանը պատասխանեց. «Էն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղո՞ւմ էր»։

ԵԿՄ–ն կզրկվի՞ պաշտպանության նախարարության աջակցությունից. պատասխանում է Տոնոյանը

Նա վստահեցրեց` ԵԿՄ–ն քաղաքական գործընթացներին երբեք չի խառնվելու, փորձելու է ավելի ուժեղանալ, քանի որ որքան ուժեղ է ԵԿՄ–ն, այնքան ուժեղ է բանակը։

Միքայելյանը հավաստիացրեց, որ ԵԿՄ–ն երբեք չի դառնա իշխանության հովանին։

Հարցին, թե Հանրապետական կուսակցության անդամների` ԵԿՄ վարչության անդամ լինելը բացառո՞ւմ է, Միքայելյանը պատասխանեց.« Այո, չնայած ես էլ եմ ՀՀԿ–ական եղել»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 16-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այս կառույցը մնացել էր առանց նախագահի։