Օպերայի թատրոնում խախտումներ են հայտնաբերվել. Օրբելյանը տարվա մեծ մասը գործուղումներում է

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել վարչապետի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հանդիպումից։
Sputnik

Տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են օպերայից, մինչդեռ նա ազատվել է տնօրենի պաշտոնից։ Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով:

Օպերայի արտիստները երգեցին բողոքի ակցիայի ժամանակ. տեսանյութ

Փաշինյանը նաև նշել է, որ Օրբելյանը նշանակումից հետո պարբերաբար եղել է գործուղումներում ու 2018թ.–ին 194 օր բացակայել է աշխատանքից: Բացի այդ` Ֆինանսների նախարարությանը 2017 թվականի ընթացքում թատրոնում 92 մլն դրամի խախտումներ է արձանագրել:

«Օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները»,– հայտնել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում նշել է, որ իր համար վիրավորական ու անընդունելի է, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում։ Այս խնդիրը Փաշինյանը մշակույթի գործիչներին կոչ է արել լուծել միասին։