Ապրիլմեկյան պատերազմի օրը սովորականի նման սկսվում է տարբեր մակարդակի կատակներից` նայած, թե բարձրյալն ում ինչ մակարդակի հումորի զգացում է շնորհել։ Բարձրյալն ինչ-որ մեկին շրջանցել է հումորի զգացումի հարցում, փոխարենը չի զրկել բոլոր մյուս զգացմունքներից, իսկ մյուսներին սա էլ բաժին չի ընկել։ Ոչ, իհարկե, յուրաքանչյուրն իրավունք ունի կատակել` «ձեր մեջքը սպիտակել է»։
Իսկ վաղը պատերազմն էր։
Մենք արդեն այնքան ենք վարժվել ինչ-որ խեղաթյուրված, անտրամաբանական իրականության, որ յուրահատուկ նկրտումով օպտիմալացված մշակույթի նախարարության ղեկավարի պաշտոնակատարն աշխատանքից հեռացնում է համաշխարհային մակարդակի մարդու, իսկ մենք չենք խենթանում կյանքի հետ անհամատեղելի բանականության կոգնիտիվ դիսոնանսից։ Արդեն վարժվել ենք, որովհետև իրականությունը սկսել է վաղուց խեղաթյուրվել, նույնիսկ ոչ թե մեկ տարի առաջ և, իհարկե, ոչ այսօր։
Իսկ վաղը պատերազմն էր։
Մարտն այնպիսին էր, որ հունվարը խաղ ու պար կթվա, իսկ գլխավոր օդերևութաբանն ամեն օր խոսում է Արարատի դաշտում ցրտահարության սպառնալիքի բացակայության մասին, բայց ամեն օր այդ մասին կրկին հարցնում են։ Գլխապտույտ տնտեսական թռիչքը եղանակից կախված չէ, բայց անքակտելիորեն կապված է բանանի և շաքարավազի մենաշնորհի հետ։ Այդ մթերքները ռազմավարական նշանակություն ունեն ցանկացած տնտեսական հեղափոխության համար, հատկապես բանանը։
Իսկ վաղը պատերազմն էր։
Կաշառք վերցնելու պահին բռնվել են դատավորը և առողջապահության փոխնախարարը, բայց կոռուպցիան արմատախիլ է արվել։ Այդ առումով, հավանաբար, դատավորը և փոխնախարարը (ի դեպ, նրանց մեղքը դեռ պետք է ապացուցել) չեն կարողացել այդ կաշառքը կիսել վերադասի հետ, որովհետև միանձնյա են լուծել հարցերը։ Հիմա դա կքննարկվի մինչև հաջորդ բռնված կաշառակերը, իսկ վաղը պատերազմն էր։
Հետո էլ քանդեցին երկու սրճարան, իսկ մի քանի նման սրճարաններում հիմնանորոգում են սկսել։ Կամ չեն սկսել, բայց քանդելը դադարեցված է, միգուցե և դադարեցված չէ, իսկ ծանր տեխնիկան պատրաստվում է քանդելու, քանի որ ենթակա չէ կառուցելու։ Ապրիլի վերջին շաբաթը ցանկացողները կնշեն «Քաղաքացու օրը», իսկ ցանկություն չունեցողները` չեն նշի, բայց մինչև մայիսի վերջ երկու խմբերն են կքննարկեն օրացույցում նոր կարմիր ամսաթվի օգուտը և վնասը, իսկ վաղը պատերազմն էր։
Մեզ մոտ հանրահավաքի ժամանակ կարող է ելույթ ունենալ իրական հերոսի կեղծ պապիկը, մենք կարող ենք «մարդասիրական միջոցառումներ» ծրագրել նրանց հետ, ում հերոսները սաֆարովներն են, մեր պատգամավորները նեղանում են լրագրողներից նրա համար, որ նրանց հետաքրքրում է Օրբելյանը, այլ ոչ թե պատգամավորների ուղևորությունն Արցախ, իսկ վաղը պատերազմն էր։
Այսօր մենք քննարկում ենք «Լիվերպուլի» երեկվա հաղթանակը` «Արսենալի» ու Մխիթարյանի կիսգիշերային խաղի համատեքստում, պատրաստվում ենք յուրացնել ընդհանրապես տիեզերական տարածությունը և, մասնավորապես, Լուսինը։ Ուկրաինայում ընտրություններ են, որոնք երեկ են տեղի ունեցել, բայց մեզ հետաքրքրում է նաև այսօր։
Տեսնենք, թե ինչով կհետաքրքրվեն վաղը, երբ արդեն պատերազմ էր։