ԱԱԾ–ն նոր մանրամասներ է հայտնում ձերբակալված փոխնախարարի գործից

Միջոցներ են ձեռնարկվում՝ առողջապահական բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Առողջապահության փոխնախարարին կաշառք տված բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ:

ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

 Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել։