Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է շատերին զարմացնել իր արտառոց պատմությամբ, հնագույն մշակույթով, խոհանոցով, անկրկնելի բնությամբ ու հետաքրքիր տեսարժան վայրերով։ Պակաս հետաքրքիր չեն նաև հին հայկական ավանդույթները։
Sputnik Արմենիան ներկայացնում է դրանցից ամենակարևորներն ու ամենաբնորոշները։
Հաց կիսելու ավանդույթ
Եթե հյուր եք եկել ու մոլորվել եք, հանգիստ ցանկացած դուռ թակեք։ Ձեզ սիրով կդիմավորեն, կկերակրեն, կխմեցնեն ու կճանապարհեն` ուր պետք է։ Հաց կիսելու ավանդույթները շատ հնուց են գալիս։ Առաջներում լավաշ թխելիս ընդունված էր առաջին բաժինը անցորդներին հյուրասիրել։
Այս ավանդույթը որոշ գյուղերում պահպանվել է մինչ օրերս։ Նույնն արվում էր խնջույքների, հատկապես՝ տոների ժամանակ․տաք ճաշից աղքատներին էլ էին բաժանում։
Հայկական եկեղեցական տոները
Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով է նշում անշարժ տոները։ Առաքելական եկեղեցու հետևորդները Հայաստանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս նշում են եկեղեցական ավանդույթները, որոնք դարերի ընթացքում միախառնվել են ժողովրդական տոներին։ Յուրաքանչյուր նման ավանդույթ առանձնանում է յուրահատուկ սովորույթներով ու եզակի ճաշացանկով։
Այդ տոների շարքում են Սուրբ Ծնունդն ու Հիսուսի Մկրտությունը: Հայաստանում Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, այդ օրը խաշած ձուկ ու չամիչով փլավ են մատուցում։ Շարժական ու սիրված տոներից է Վարդավառը։ Այդ օրն ընդունված է միմյանց վրա ջուր լցնել։ Այս տոնն այսպես են նշում ոչ միայն Հայաստանում։ Բացի այդ հայերը մեծ հարգանքով են վերաբերվում ու նշում Աստվածածնի վերափոխման տոնն ու Խաչվերացը։ Ժողովրդի ամենասիրված շարժական տոներից է Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը։ Այս օրը սեղանին մատուցում են ձուկ, ներկած ձու ու չամիչով փլավ, նաև մեծ քանակությամբ կանաչի։
Հարսանեկան ավանդույթներ
Հայկական հարսանիքը այլ ժողովուրդների պսակադրման արարողություններից տարբերվում է ոչ միայն շքեղությամբ և ուտեստների զանազանությամբ, այլև երեք առանձնահատկություններով։ Հայաստանում ընդունված է հարսի հետևից նրա հորական տուն գնալ ու նրան հանել ուրախ երաժշտության ներքո պարելով։ Հին ավանդույթի համաձայն, որն այսօր հիմնականում գյուղերում է պահպանվել, հարսանեկան արարողության հաջորդ օրը փեսայի բարեկամուհիները գալիս են հարսի հորական տուն, կարմիր խնձորով զամբյուղ են բերում, որն անմեղության ու մաքրության նշան է։
Ըստ հայկական ավանդույթի՝ հարսի ծնողները տեսնում են նրան հարսանիքից միայն մեկ շաբաթ անց, այդ օրը կոչվում է «Գլուխլվա»։ Նախկինում ընդունված էր այդ օրը նորապսակ հարսի օժիտը բերել։
Երեխայի ծնվելու հետ կապված ավանդույթներ
Երեխայի ծնունդը աշխարհի բոլոր ժողովուրդների համար տոն է։ Հայաստանում դրա հետ կապված մի քանի սովորույթ կա։ Առաջինը՝ քառասունքն է. քառասուն օրվա ընթացքում չի կարելի երեխային ցույց տալ օտարներին։ Այդ սովորույթի կողմնակիցները կարծում են՝ ժամանակ է պետք, որ երեխայի օրգանիզմը ամրանա ու ոչ ոք չկարողանա աչքով տալ նրան։
Ի դեպ, հայերը նաև երեխաներին տատերի ու պապերի անունով կոչելու ավանդույթն են պահպանել։ Համարվում է, որ դա հարգանքի տուրք է մեծերին։ Նախկինում ընդունված էր խնջույքով տոնել երեխայի ծնունդը տան բակում։ Հիմա այդ ավանդույթը գրեթե չի պահպանվել։
Բուն հայկական է կարելի անվանել ատամհատիկի ավանդույթը, որը տոնում են երախայի 1–ին ատամն ի հայտ գալու հետ։ Այդ տոնին հրավիրում են ազգականներին ու մտերիմներին, երեխայի շուրջ տարբեր մասնագիտությունները խորհրդանշող իրեր են դասավորում։ Համարվում է, որ երեխայի ընտրած առարկան կանխագուշակում է նրա ապագա մասնագիտությունը։
Թաղում
Հայ առաքելական եկեղեցին կտրականապես արգելում է դիակիզումը, թաղում են քրիստոնեական ավանդույթներով ու արարողություններով։
Ի դեպ, դամբարաններում թաղելու ավանդույթն այսօր տարածում չունի, այդ պատճառով Հայաստանում կարելի է հանդիպել միայն տապանաքարերով ու խաչքարներով գերեզմանատների։ Հայերը հավատում են, որ գերեզմանի վրա խաչ տեղադրելով՝ պաշտպանում են հանգուցյալներին չար ոգիներից։
Քոչարիի հիմքում ընկած ավանդույթը
Հայկական քոչարիի մասին շատերն են լսել, սակայն քչերը գիտեն, որ այդ պարի հիմքում ընկած է տարածաշրջանում գլխավոր կենդանիներից մեկի՝ խոյի պաշտամունքը։ Դեռ հեթանոսական ժամանակներում կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես հետևի սմբակներին բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին: Պարի վերջում այդ շարժումներն են անում`կարծելով, որ այդկերպ փոխանցվում է այդ կենդանու խիզախությունը և ուժը։
Մինչև 19-րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք: Այդ պարի տասնյակ տարբերակներ կան։
Հայկական խոհանոցի հետ կապված ավանդույթներ
Յուրաքանչյուր ժողովրդի խոհանոց յուրահատուկ է։ Հայկական խոհանոցի գաղտնիքը հացահատիկի պաշտամունքն է, որը գոյություն է ունեցել հեթանոսական ժամանակներից։ Հայերը դեռ հնուց ուտեստներ են պատրաստել հացահատիկից, լոբեղենից։ Նրանք հավատում էին՝ որքան շատ հացահատիկ զոհաբերեն աստվածներին, հատկապես՝ տոների ժամանակ, այդքան ավելի հարուստ և առատ կլինի բերքը։ Ի դեպ, Հայաստանում հացը պաշտելու ավանդույթ կա։ Հացը աղբ նետելը մեղք է։ Հայերը պահպանել են նաև գառ կամ աքլոր մատաղ անելու ու աղքատներին բաժանելու ավանդույթը։