ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի բնակիչներ 36-ամյա Վազգեն Ադամյանը, 43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է: