ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արտգործնախարարի երկու խորհրդականներին դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։
Մասնավորապես` լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին ու Լևոն Հասրաթի Խաչատրյանին։
Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի տեքստում, դիվանագիտական աստիճանները շնորհվել են` «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»։
Շուգարյանը 2001-2005 թթ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեղակալն էր, 2005–2008թթ-ին՝ Իտալիայում Հայաստանի դեսպանը։
Լևոն Խաչատրյանը 2005-2008թթ.–ին եղել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2006-2008թթ.–ին համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան։
Երկու դիվանագետներն էլ 2008թ–ի նախագահական ընտրություններում պաշտպանել են Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, որից հետո հեռացել են դիվանագիտական պաշտոններից։