ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու մենաշնորհից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համարում է, որ սա կարևոր որոշում է շուկայի ազատականացման տեսակետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀԴՄ-ներ կարող են ներկրել բոլորը և վաճառել իրենց ուզած գներով: Այս մասին որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում:

Այս որոշմամբ, ըստ էության, ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու իր մենաշնորհից:

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 10 հեկտար պտղատու այգիներ ստեղծելու նախաձեռնությունը

Ինչպես հարցի քննարկման ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սա շատ կարևոր որոշում է շուկայի ազատականացման տեսակետից և շատ հաճախ բարձրաձայնված խնդիրներից է, որը լուծվում է կառավարության որոշմամբ:

Ընդունված որոշմամբ` կառավարությունը ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին զրկում է ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու գործառույթից: Այսուհետ այդ գործառույթը կարող են իրականացնել բոլոր տնտեսվարողները,եթե նրանց ներկրած ՀԴՄ-ները համապատասխանում  են ՀՀ-ում գործող տեխնիկական պահանջներին:

«Այսինքն` ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է բացառապես սահմանամերձ համայնքներին անվճար ՀԴՄ-ներ տրամադրելով ու դրանց տեխնիկական սպասարկումն իրականացնելով»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում էր ներառվել հենց ՊԵԿ-ի նախաձեռնությամբ :