Նույն բանը 3 անգամ ասացիք. Ջանջուղազյանն ու Արշակյանն իրար չհասկացան

Արշակյանը հայտնեց, որ նախարարությունը կազմավորման փուլում է, և կառավարությունը չի ցանկանում ընդհատել արդեն իրականացման փուլում գտնվող ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծրագրի շրջանակներում 3 պետական դրամաշնորհ տրամադրել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հիմնադրամին` ընդհանուր առմամբ` շուրջ 160 մլն դրամի շրջանակներում:

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում

Նախագծի վերաբերյալ որոշ տարակուսանք հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք շարունակում ենք պահպանել մի ծրագրի իրականացման գրասենյակ, որովհետև հիմնադրամը ձևավորվել է 2001թ-ին` որպես ՀԲ վարկի իրականացման գրասենյակ»,- ասաց նախարարը,- ստացվում է, որ պետական մարմնին զուգահեռ ստեղծվել է մի մարմին, որն իրականացնում է պետական մարմնի գործառույթ»:

Ջանջուղազյանը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչով է այս ծրագիրը բացառիկ համարվել, որ դրա իրականացման համար պիտի աշխատեն երկու մարմին:

«Եթե կա կառավարչական մարմին,ապա դրան զուգահեռ այլ մարմիններ չպիտի լինեն»,- ասաց նախարարը` նշելով, որ հենց այդ նպատակով է կառավարությունում ստեղծվելու ՏՏ ոլորտով զբաղվող առանձին նախարարություն:

«Մենք մինչև տարեվերջ կհամադրենք այս ծրագրերը նախարարության տեսլականին ու մինչև հաջորդ տարի հանդես կգանք հստակ ծրագրով»,- ասաց Արշակյանը:

Այդ պատասխանը, սակայն, ֆինանսների նախարարին այնքան էլ չբավարարեց: Ջանջուղազյանը մի քանի անգամ կրկնեց` «ինչով է այս ծրագիրը գնահատվել բացառիկ»:

Այստեղ տեղի տվեցին Հակոբ Արշակյանի նյարդերը: «Պարոն Ջանջուղազյան, դուք նույն բանը 3 անգամ ասացիք»,- ասաց նա:

Արշակյանը հայտնեց, որ նախարարությունը կազմավորման փուլում է, և կառավարությունը չի ցանկանում դրա հետևանքով ընդհատել արդեն իրականացման փուլում գտնվող ծրագրերը:

Երկար քննարկումից հետո նախագիծն, այնուամենայնիվ, ներկայացված տեսքով ընդունվեց: