Կյանքի զարգացման ճապոնական մոդելը. գիտնականը Տոկիոյից այն ներկայացրել է Երևանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել գիտաժողովի բացմանը։ Գիտաժողովին տարբեր երկրներից ժամանած գիտնականներ են ելույթ ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունգարիայից, Ճապոնիայից, Իրանից և ԱՄՆ–ից գիտնականներ են հավաքվել Երևանում քննարկելու էվոլյուցիային և օրգանիզմների զարգացմանը վերաբերող հարցերը։

Երևանում այսօր մեկնարկեց «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին

Ի՞նչ է անհրաժեշտ օրգանիզմներին զարգանալու համար։ Արև, ջուր և առատ սնունդ` կասենք մենք։ Սակայն գիտնականներն այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեն։ Եթե յուրաքանչյուրն իր անկյունը մտնի, իր կտոր հացը վերցնի և սկսի մյուսներից պաշտպանվել, վերարտադրության գործընթացը դեռ լավ, թե վատ կստացվի։ Իսկ ահա զարգանալ` ոչ մի կերպ չի լինի։

«Եթե մենք խոսում ենք ոչ թե հասարակ վերարտադրության, այլ զարգացման մասին, ապա ճանապարհը մեկն է` համագործակցությունը», – ասում է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Կունիհիկո Կանեկոն։ Իր ուսումնասիրությունները նա ներկայացնում է Երևանում անցկացվող գիտաժողովի ժամանակ։

Պրոֆեսոր Կանեկոն ուսումնասիրում է ֆիզիկական և մաթեմատիկական մոդելները, որոնք ընկած են բջիջների փոխազդեցության հիմքում։ Բազմաբջիջ օրգանիզմներն ուսումնասիրելիս նա հետաքրքիր եզրահանգման է եկել։ Ենթադրենք`բջիջներն ապրում ու բազմանում են, իսկ ռեսուրսները (սնունդ ու ջուր) բոլորին չեն բավականացնում։ Բջիջներից յուրաքանչյուրը սկսում են մրցակցել ռեսուրսի համար (ով ուժեղ է, նա էլ կուտի)։ Առանձին-առանձին նրանք զարգանում են և հազիվ վերարտադրվում։

Մենդելեևի աղյուսակում իր անունով տարր ունեցող հայ գիտնականը՝ նախարարին հյուր

«Սակայն կա նաև այլ ճանապարհ։ Բջիջները սկսում են հաղորդակցվել մեկը մյուսի հետ, կիսել իրենց գործառույթներն ու գործունեությունը։ Այդ ժամանակ բարդ օրգանիզմներ են ի հայտ գալիս` բջիջների լայն բազմազանությամբ։ Այս փոխհարաբերությունների մոդելը, նրանց մաթեմատիկական և ֆիզիկական օրինաչափություններն էլ հենց փորձում ենք ուսումնասիրել», – ասում է գիտնականը։

Պրոֆեսոր Կանեկոյի ուսումնասիրությունները հաստատվում են նաև իր գործընկերների (նրանք ուսումնասիրել են մանրէի էվոլյուցիան) փորձառական աշխատանքներով։

Այս տեսությունը հիշեցնում է Ճապոնիայի պատմությունը։ Երկրում հերկելի հողերը քիչ են, բնական ռեսուրսներ` նույնպես։ Այնուամենայնիվ, այն կարողացել է զգալի զարգացման հասնել։

«Մի բան է, երբ մարդիկ փորձում են որևէ պարզ բան անել, մեկ այլ բան` երբ նրանք օպտիմալացնում են ջանքերը», – ասում է Կանեկոն։

Ինչպես խոստովանում է գիտնականը, Ճապոնիայում միշտ չէ, որ այդպես ստացվում է, սակայն քաղաքացիները փորձում են յուրացնել այդ գործելաոճի առավելությունները։