Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Երբ ուսումնական տարվա մի մասը դպրոցում ոչ թե մոդուլ էր կոչվում, այլ քառորդ, երբ երկար ֆիլմերը բաժանվում էին սերիաների, ոչ թե եթերաշրջանների, երբ ձմերուկը սառեցնում էին հոսող ջրի տակ, որովհետև տներում դեռ ջրաչափեր չկային, Հայաստանում կինո կար։ Ստեղծում էին «Հայֆիլմ» ստուդիայում, և պետք է ասել, որ հիմնականում լավ էր ստացվում, երբեմն` շատ լավ։ Այսօր արդեն հայկական կինո չկա, միայն հիշողություններ են մնացել։
Sputnik

Կինոստուդիան, որտեղ բախտ է վիճակվել աշխատել նաև ինձ, Տերյան փողոցում էր` Երևանի կենտրոնում, և այդ տարիների կինոաստղերը մոտ էին մոտակայքում ապրող մարդկանց ու սովորական անցորդներին։ Բայց ոչ ոք չէր փորձում ստորագրություն վերցնել, լուսանկարվել, աստղի ուսին թփթփացնել, զրուցել կյանքի մասին։ Կուռքերի նկատմամբ սեր կար, նրանց հետ շփվելու մշակույթն այլ էր։

Անունների աստղաբույլը, որոնք ավելի ուշ շողացին կուրացնող փայլով, ձևավորվեց հենց այդ ժամանակ` Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան։ Եթե կոնկրետ ժամի դուրս գայիր Տերյան փողոց, անպայման ինչ–որ մեկին կտեսնեիր։

Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Տարվա ընթացքում ստուդիայում միջինը 5-6 լիամետրաժ ֆիլմ էին նկարահանում, բայց բեսթսելերները սկսվեցին «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերից։ Իհարկե, սա դեռ ամենը չէր։

Առանձնահատուկ դարձավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Տարբեր ատյանները մի կերպ ընդունեցին գեղանկարչական ոճով նկարված ֆիլմ–այլաբանությունը։ Դժվարությամբ, բայց ամեն դեպքում ընդունեցին։

Ասում են, որ ստուգիչ դիտումներից մեկի ժամանակ Բադալ Մուրադյանը` այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահը, դժգոհությամբ մռթմռթացել է. «Լրիվ միստիկա է...»։

«Կրկին միստիկան շփոթել է մաստիկայի հետ», – կուլուարներում բացատրել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանը` նկատի ունենալով, որ կառավարության ղեկավարի աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել հատակ փայլեցնողի աշխատանքից։

Ամեն դեպքում ֆիլմը, որի գլխավոր դերերում խաղում էին Սոֆիկո Ճիաուրելին և Վիլեն Գալստյանը, Մոսկվան ընդունել է, Երևանը` հաստատել, և սկսվել է ֆիլմի հաղթարշավն աշխարհում։

Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

... Վերջերս, մի հին ամսագիր թերթելիս, «Չախ–չախ թագավորը» կինոալմանախ

ի մասին գրառման հանդիպեցի ։ Թվարկում եմ անուն–ազգանունները` Գուրգեն և Կարեն Ջանիբեկյաններ, Ազատ Շերենց, Վլադիմիր Եպիսկոպոսյան (դերասաններ), Աղասի Այվազյան, Հրանտ Մաթևոսյան (սցենարիստներ), Տիգրան Մանսուրյան, Մարտին Վարդազարյան, Մելիք Մավիսակալյան (կոմպոզիտորներ)...

Դա նույնն է, եթե մի ֆիլմում օրը ցերեկով հանդիպեին դերասաններ Բրեդ Փիթը, Ռոբերտ դե Նիրոն, Շերիլին Սարգսյանը (Շեր), կոմպոզիտոր Նինո Ռոտան, սցենարիստ Տոնինո Գուերան։

Ինչպե՞ս է թալանվել «Հայֆիլմ» կինոստուդիան. Sputnik–ի հյուրն է Լևոն Աթոյանցը

Այս մարդկանց հայկական «տարբերակին» կարելի էր տեսնել «Հալֆիլմի» դիմաց. նրանք հավաքվում էին Երևանի կենտրոնում` առանց ավտոմեքենաների երթևեկությանը խանգարելու։ Այն ժամանակ քաղաքում մեքենա ունեցողների թիվն անհամեմատ քիչ էր, առավել ևս` կինոգործիչների դեպքում։ Ժամանակակից չափանիշներով (մոռացեք հոլիվուդյան չափանիշները) մեր կինոգործիչները գրոշներ էին ստանում։ Ռեժիսորներից հարուստ էին համարվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ստեփան Գևորգովը և Էրազմ Քարամյանը («Անձամբ ճանաչում եմ» ֆիլմի հերոսը), ինչպես նաև նույնպիսի կոչում ունեցող դերասանները։ Ի դեպ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստները զգալիորեն քիչ էին ստանում։

...Ֆիլմի հայկական ծագումը որոշվում էր ինչպես հայտնի պատկերով ( ով չի հիշում, հիշեցնեմ` ձիուն նստած Սասունցի Դավիթը), այնպես էլ գրեթե բոլոր ֆիլմերի համար պարտադիր դարձած խորովածով` դուդուկով և «ջան» ասելով, որոնք ազգային կոլորիտ էին ստեղծում։ Բայց խորովածն այնքան «պնդերես» էր և հաճախ ոչ տեղին, որ ժամանակին նույնիսկ մեզ էր հոգնեցրել, և ահա պետական հեռուստառադիոընկերության նախագահ Ստեփան Պողոսյանը (կինո էր նկարում նաև «Երևան» հեռուստաստուդիան) յուրօրինակ հրաման արձակեց` արգելել այն դրվագների նկարահանումը կամ օգտագործումը, որոնցում խորոված են սարքում, մատուցում կամ ուտում։ Բայց դա չխանգարեց, որ Արմեն Ջիգարխանյանը խորոված սարքի պատշգամբում։ Նախ` որովհետև պատշգամբը մոսկովյան էր, երկրորդ` «Երբ գալիս է սեպտեմբերը» թեև հայ է նկարել (Էդմոն Քեոսայան), բայց նկարվել է «Մոսֆիլմում»։

Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

80–ականներին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» ստուդիան տեղափոխվեց նոր «բնակարաններ», բայց ավելի լավ կլիներ` մնար հին տեղում։ Եվս մի վերելք, և եկավ հայ կինոյի սեպտեմբերը։ Սկսվեց անգթորեն քանդելու դարաշրջանը, և կինոն մոխրացավ, ինչպես 15 տոննա զուգագուլպաներն անցած շաբաթ մոխրացան Բագրատաշեն հսկիչ–անցակետում։

Արխիվային ժապավեններն այրում էին հանուն արծաթի. անհավանական գողություններ «Հայֆիլմից»

2000–ականների սկզբին ստուդիան կոպեկների դիմաց մասնավորեցրին. ամեն ինչի համար վճարեցին մոտ 600 հազար դոլար։ Այդ ընթացքում սկսեցին գողանալ արխիվային ժապավենները, ձուլել` արծաթ ստանալու համար, հետո անցան ֆայտոններին, ձիերին, ռետրո ավտոպարկին։ Ստուդիան մահացավ մեր աչքի առաջ։ Բայց բոլորը թքած ունեին...

«Երբ ցույց տվեցին գեներալ Մանվելի ավտոտնակը, ճանաչեցի մեր մեքենաները` «Պոբեդա», «ԶԻՄ», խորհրդային «Վիլիս»», – հիշում է ստուդիայի վետերան Լևոն Աթոյանցը։

Հարց գոյություն չունեցող մշակույթի նախարարությանը. կորցրածի վերածնունդը հնարավո՞ր է։

Ի՞նչ ունենք։ «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոն։ Հայկական կինոյի աստղերի ճեմուղի Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։ Շատ չէ, բայց, ամեն դեպքում...

Հետո ի՞նչ է լինելու։