Հայաստանում կացության իրավունքի վճարը կհավասարեցվի ամերիկյան վիզայի արժեքին

ՀՀ կառավարությունը վերանայում է Հայաստան եկող ամերիկացիներից վճարների չափերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում տրամադրվող կացության կարգավիճակի համար պետական տուրքի դրույքաչափը կհավասարեցվի ամերիկյան կողմից գանձվող վիզայի արժեքին: Այս որոշումն այսօր կայացվել է ՀՀ կառավարության հերթական նիստում:

Բանն այն է, որ Հայաստան եկող ամերիկացիների համար մեր երկրում ապրելու ու աշխատելու իրավունք ստանալն ավելի թանկ է, քան հայաստանցիների համար ԱՄՆ-ում ապրելն ու աշխատելը:

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում

Այսպես` ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներին 5 տարով տրամադրվող բազմակի վիզայի համար գանձվում է 190 ԱՄՆ դոլար պետական տուրք, իսկ ՀՀ-ում ԱՄՆ քաղաքացիներին 1 տարով տրամադրվող կացության կարգավիճակի համար` 220 դոլար:

ՀՀ քաղաքացին կարող է ստանալ հատուկ աշխատանքային ԱՄՆ վիզա` 3 տարի ժամկետով`վճարելով 190 դոլար, իսկ ԱՄՆ քաղաքացին 3 տարով ՀՀ-ում գտնվելու համար պետք է 3 անգամ կացության ժամանակավոր կարգավիճակ ստանա՝ վճարելով ընդհանուր առմամբ 660 դոլար:

Կառավարության ընդունած որոշմամբ պետական տուրքերի չափերը կհավասարեցվեն ամերիկյան կողմի սահմանած դրույքաչափերին: Ասել է թե, Հայաստանում ապրելն ու աշխատելն ամերիկացիների համար կէժանանա:

Ի դեպ, ըստ գործադրի ներկայացրած հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է վիզաների տրամադրման ժամկետների և վճարների մասով Հայաստանի Հանրապետության կողմից փոխադարձության սկզբունքի կիրառման անհրաժեշտությամբ, ինչը ամերիկյան կառավարության պահանջն է: