Արթիկի դպրոցի տնօրենը էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը և յուրացրել աշխատավարձը

Արթիկի հիմնական դպրոցում չարաշահումներ են բացահայտվել։ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
Sputnik

Օրերս ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։

Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։

Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։