Փաշինյանը խոստանում է ՋՕԸ-ների գումարները յուրացրած ղեկավարներին «լցնել բանտերը»

Վարչապետը վստահ է` եթե ջրօգտագործողների միությունների աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ուրեմն լավ չեն աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ջրօգտագործողների միություններում ստուգումներ կանցկացվեն, և կպարզվի` ով ինչքան է գողացել։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան այն լուրերի, թե որոշ ջրօգտագործող ընկերություններ (ՋՕԸ) բոյկոտ են հայտարարել, գյուղացիներին ոռոգման ջուր չեն տալիս, քանի որ աշխատավարձ չեն ստացել:

Միջազգային դատարանից մենք չենք վախենում. Փաշինյանը խոսեց «Լիդիանի» մասին

«Ջրօգտագործողները ստեղծել են միություն, ընտրել են ՋՕ նախագահ: Այսինքն` ջրօգտագործողը ջուրը ստանում է, ջրի դիմաց վճարում է, ՋՕ-ն վարձը հավաքում է ու ստանում է աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում` բոյկոտում է: Ես երեկ տեսա, որ մի շարք ՋՕԸ-ների նկատմամբ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում` ամեն մեկը իր գողացածը պիտի գցի՞ կառավարության վրա, ցույց անի, թե մենք աշխատավարձ չենք ստացել»,- ասաց Փաշինյանը` խոստանալով բոլոր ՋՕԸ-ներում ստուգումներ իրականացնել ու պարզել գողացածի չափը:

«Հետո չգաք, ասեք` ՋՕԸ-ներին լցնում եք բանտերը: Չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն աշխատում, ուրեմն պիտի ամբողջ համակարգին աշխատանքից հեռացնենք: Ամենաշատ թալանված տեղերից մեկն է սա»,- ասաց նա:

Նույն իրավիճակը, վարչապետի խոսքով, ոռոգման ջրի ցանցում է: 2018թ-ին կառավարությունը ցանցի բարելավման սուբվենցիոն ծրագրի համար 10 մլրդ դրամ է հատկացրել, բայց դրանից ծախսվել է միայն 1.6 միլիարդը, քանի որ համայնքները ծրագրեր չեն ներկայացրել` գումարի, ծրագիր կազմող մասնագետների կամ այլ ռեսուրսների բացակայության պատճառով:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։