ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Դավիթ Պետրոսյանի մայրն ամենևին էլ մտադրություն չի ունեցել ինքնահրկիզվելու։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կնոջ կողքին եղած շշում ըմպելիք է եղել։
Նա այսօր առավոտյան այցելել է Լոռու մարզպետարան, որպեսզի մարզպետից անձամբ տեղեկանա, թե պետությունը, երբ է հատուցելու մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված որդու մահվան համար։ Մարզպետը, ամենայն հավանականությամբ, զբաղվածության պատճառով չի ընդունել կնոջը։
Զոհվածի մայրը որոշ ժամանակ անց դարձյալ մարզպետարան է եկել։ Եվ կրկին չի կարողացել հանդիպել մարզպետին ու վրդովմունքը արտահայտել է Վանաձորի Հայքի հրապարակում զոհված որդու նկարը ձեռքին նստելով։
Ըստ ականատեսների`կինը մարզպետին մինչև ժամը 18-ը ժամանակ է տվել իրեն ընդունելու և լսելու համար, այլապես պատրաստվել է գալ Երևան և բողոքել արդեն կառավարության դիմաց։ Մինչև նշած ժամը մարզպետն ընդունել է նրան, իսկ թե ինչ են պայմանավորվել, հայտնի չէ։ Մեր տեղեկություններով` մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը միայնակ է ապրում. ամուսինը ևս մահացել է, իսկ մյուս որդին արտագնա աշխատանքի է մեկնել։
Հիշեցնենք, որ այսօր Shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել համաձայն որի Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրն սպառնացել է ինքնահրկիզվել։Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր կեսօրին Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին որդու նկարն է եղել, ինչպես նաև ապակե տարա և լուցկի: Կինը հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ` սպառնալով, որ հակառակ դեպքում կինքնահրկիզվի: