ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանում դատավոր է ձերբակալվել

Դատավորին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահին դատավոր է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«ԱԱԾ աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։

Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար

Գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Դատավորի ձերբակալության մասին սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:

ԱԱԾ–ն չի հայտնում դատավորի անունը, սակայն ԶԼՄ–ների տեղեկություններով` ձերբակալվածը Գագիկ Հեբոյանն է, որը 1999 թվականից աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։