ՌԱԴԻՈ

Աբովյանի հողերի վիճահարույց վաճառքի հետ կապված փաստարկներն արդեն դատախազությունում են

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել են Աբովյան քաղաքի ֆոնդային հողերի աճուրդային վաճառքի ընթացքում գրանցված առերևույթ չարաշահումների թեմային:
Sputnik

«Մենք լրացուցիչ փաստարկներ էինք պահանջում քաղաքապետարանից վիճահարույց լոտերի չեղարկման առումով: Հավելյալ պարզաբանումներ չստացանք, սպասելն արդեն անիմաստ էր, և մենք մեր փաստարկների փաթեթը փոխանցեցինք մարզային դատախազությանը»,- նշում է Ռոմանոս Պետրոսյանը:

Վահագն Գևորգյանն իր հերթին շեշտում է, որ աճուրդը եղել է օրենքով սահմանված կարգով, եղել է բաց, թափանցիկ գործընթաց, և ինքը պատրաստ է համապատասխան ատյաններում ապացուցել իր անմեղությունն ու արդարացիությունը:

Մարզպետարանի կատարած բացահայտումների համաձայն` բնակֆոնդի, հասարակական կառուցապատման, կոմերցիոն նշանակության հողատարածքների 67 աճուրդներից 5–ը Կոտայքի մարզպետի համառ միջամտությունից հետո Աբովյանի քաղաքապետը չեղարկել էր, մեկ հողատարածք հանվել էր աճուրդից։