ՌԱԴԻՈ

Իսկանդարյան․ «Ռուսաստանն ու Իրանը կարիք ունեն գործակցության»

ԵԱՏՄ—Իրանի Իսլամական Հանրապետություն գործակցությունը բնական գործակցություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը` խոսելով ԵԱՏՄ-Իրան գործակցության մասին։
Sputnik

 

«Եթե ԵԱՏՄ-ն դիտարկենք որպես մեկ միասնական կառույց, որի առաջին ջութակը Ռուսաստանն է, ապա այս գործակցությունը շատ բնական է․և՛ Ռուսաստանը, և՛ Իրանն ԱՄՆ պատժամիջոցների տակ են և կարիք ունեն գործակցության»,- նշել է Իսկանդարյանը։

Իրանագետի գնահատմամբ, այս համատեքստում, բնականաբար, Հայաստանին էլ է ձեռնտու Իրանի հետ գործակցությունը հենց ԵԱՏՄ շրջանակներում, որպեսզի մեծացնի առևտրաշրջանառությունը Իրանի հետ։

«Քանի որ Իրանը չի համագործակցում ԵԱՏՄ -ի հետ, մենք գործ ենք ուենում բավական մեծ հարկերի, տուրքերի հետ, և մեր ապրանքները չեն կարողանում մտնել իրանական շուկա։ Իսկ Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելով պայմանավորվածություն կա մոտ 300 անուն ապրանքի մասով»,– ասել է Իսկանդարյանը։

Ըստ Գոհար Իսկանդարյանի՝ այդ համատեքստում գործակցությունը բավական շահավետ է դառնում մեր բիզնեսների համար։ Մեր ապրանքները ավելի հանգիստ կմտենեն իրանական շուկա։

Իրանագետի գնահատմամբ` ամենամեծ խնդիրն այստեղ մնում է առևտրաշրջանառության կազմակերպումը։ Դա պետք է լինի բանկային համակարգի միջոցով, իսկ Միացյալ Նահանգները միակողմանի բավական խիստ պատժամիջոցներ են կիրառել Իրանի բանկերի նկատմամբ։

«Այսինքն` հարց է, թե ԵԱՏՄ-ն գործակցելով Իրանի հետ, ինչպես է իրականցվելու այդ առևտրաշրջանառությունը։Գուցե դա լինելու ապրանքափոխանակության տեսքով, կամ այլ մեխանիզմներով, կտեսնենք»,-նշել է Գոհար Իսկանդարյանը։

Փաստելով, որ Իրանը տարածաշրջանային գերհզոր երկիր է, ունի բավական շատ ներուժ, բնական հանածոներ, կարողանում է դիմագրավել ԱՄՆ պատժամիջոցներին` իրանագետը միաժամանակ նշում է, որ որևէ մեկը չի կարող առարկել, որ այժմ Իրանի տնտեսության վիճակը ծանր է։