ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի կառավարությունը մտադիր է թույլ տալ ցորենի տեղափոխումն իրականացնել ավտոմոբիլային ճանապարհով, բայց որոշակի սահմանափակում կան։ Դա թույլ կտա դիվեսիֆիկացնել բեռնափոխադրումները և գործարկել երկաթուղին։
Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` հարցը հիմա քննարկվում է երկրի կառավարությունում, վերջնական որոշում կընդունվի, երբ իշխանություններն ամեն ինչ ծանրութեթև կանեն։
Վրաստանի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով եգիպտացորեն և ցորեն բերելու արգելքը տեղափոխվել է մինչև 2019թ–ի հոկտեմբերի 1։ Մինչ այդ Հայաստանը և Վրաստանը պայմանավորվել են քննարկել հարցերը, որպեսզի հանդես գան կոնկրետ առաջարկներով։
Տրանսպորտային միջանցքի հետազոտության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կարծում է, որ Թբիլիսիի համար ավելի շահավետ է արգելք չսահմանելը, այլ հստակ տեխնիկական կարգավորումներ գրանցելը` վնասի նվազագույնի հասցնելու համար, ամենից առաջ, հենց Վրաստանի համար։
«Դա թույլ կտա ոչ միայն Վրաստանին, այլ նաև Հայաստանին դիվերսիֆիկացնել ցորենի առաքումները։ Ի դեպ, այլընտրանքային երթուղիների առկայությունը ձեռնտու է նաև Երևանին», – ասաց Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա նշեց, որ Երևանն այդպիսով կարող է օգտվել փոխադրման մուլտիմոդալային տեսակից` լաստանավ–երկաթուղի–ավտոմոբիլային տրանսպորտ։ Թեև այդ ուղին ավելի երկար է ավտոմոբիլայինից, բայց գրագետ մոտեցման և լաստանավային ու երկաթուղային փոխադրումների համար սակագները նվազեցնելու դեպքում կարող է մրցակցային և գրավիչ երթուղի դառնալ։
Օրինակ` այսօր Ռուսաստանից Հայաստան ավտոմոբիլային ճանապարհով 1 տոննա ցորեն տեղափոխելը փոխադրողների համար կարժենա 53-56 դոլար։ Միաժամանակ, Ռուսաստանից Հայաստան լաստանավային և երկաթուղային փոխադրման համար ծախսվում է 104-108 դոլար (այս գումարի մեջ չի մտնում Հայաստանում և Վրաստանում երկաթուղային ընկերությունների կողմից հայտարարված 50 տոկոս զեղչը` խմբ.)։
Երկրորդ երթուղին իսկապես երկար է. Ռուսաստանում պահեստից բեռն ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում է Նովոռոսիսկի նավահանգիստ, որտեղից բեռնում են լաստանավը, տեղափոխում Փոթի նավահանգիստ։ Այնուհետև բեռը երկաթուղով առաքվում է Հայաստան։ Փոխադրողները միանշանակ ժամանակի կորուստ են տալիս։ Կրասնոդարից Երևան ավտոմոբիլային ճանապարհով բեռները տեղափոխվում են հինգ օրում։
Ցագարեիշվիլին վստահ է, որ երկաթուղային փոխադրումների սակագները պետք է նվազեցվեն` ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման հետ մրցակցելու համար։ Փորձագետի կարծիքով` հայկական կողմը կարող է իր ավանդն ունենալ այդ հարցի լուծման մեջ։
Անհրաժեշտ է նաև ակտիվացնել լաստանավային ուղղությունը։ 2018թ.–ից դեկտեմբերի 1–ից Կովկաս–Փոթի–Կովկաս երթուղով կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ը բեռնափոխադրումների ծավալի նվազեցումը բացատրում է նրանով, որ 2018թ.–ին այդ երթուղով փոխադրումներ իրականացրած ընկերությունը հրաժարվել է ծառայություններ տրամադրել։ ՀԿԵ–ն պայմանավորվել է ուրիշ ընկերության հետ, սակայն պայման է դրել` լաստանավն աշխատում է ամբողջական բեռնվածության դեպքում։
ՀԿԵ–ում կարծում են, որ իրավիճակը կարող է շտկել ցորենը «անիվներից ռելսերի» տեղափոխելը։ Եթե ցորենը տեղափոխվի երկաթուղով, ապա լաստանավը կվերսկսի իր աշխատանքը կայուն ռեժիմով։ Կնվազի նաև «Վերին Լարս» հսկիչ–անցակետի ծանրաբեռնվածությունը։
Հիշեցնենք, որ 2018թ–ին Հայաստան է առաքվել 325829,71 տոննա ցորեն, որից 37,6 հազար տոննան կամ 580 վագոնը` երկաթուղով։