ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Պաշտպանի ներկայացուցիչները «Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այցելել են ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։
«Մարդու իրավունքների պաշտպանի փորձագետ–հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։ Բացի այդ, ՄԻՊ–ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին»,–նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: