Վահագն Վերմիշյանը խոստանում է անօթևանության խնդրի լուծման նոր տարբերակներ ներկայացնել

30 տարի տարբեր իշխանություններ Գյումրու անօթևանության խնդրի լուծման տարբեր ծրագրեր են իրականացրել, սակայն այն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` Գյումրիում այսօր 2804 տնակ կա, իսկ վարչապետի հանձնարարականով ստեղծված Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքում գրանցվել են 2858–ը: Այս մասին այսօր հայտարարվեց աշխատանքային խմբի` Գյումրիում անցկացվող արտագնա նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նորընտիր նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա և նախկին տնօրենների կռիվը թեժանում է

Պատասխանատուները վստահեցնում են` մինչև հանձնարարականի ժամկետի ավարտը թվային այս անհամաձայնությունները կպարզվեն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց՝ ժամանակին վարչապետին կներկայացվի ճշգրիտ ինֆորմացիա: «Տարիների ընթացքում բավական աշխատանք կատարվել է: Արդեն իսկ կարող ենք ուրվագծել ճանապարհային քարտեզը,  իսկ վարչապետի հանձնարարությամբ ժամանակին կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները,  այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները»: 

Քննարկմանը ներկա քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյան լրագրողներին տեղեկացրեց, որ այս աշխատանքային խմբի հիմնական նպատակը ժամանակավոր  կացարաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի հստակեցումն է : Նպատակն է` նախ ճշգրտել, թե իրականում ովքեր են անօթևանի կարգավիճակ ունեցողները և բնակության համար քանի ոչ հիմնական շինություն՝ տնակ կա։

«Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հավաքագրվել է 6338 ոչ հիմնական  շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը Շիրակի մարզում։ Դրանցից 3150 տեղադրված են  պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքների: Ոչ հիմնական բնակության համար կառույցների մեծ  մասը՝ 2871–ը, Գյումրիի  համայնքային ենթակայության հողամասերի վրա են  տեղադրված և միայն 33–ը` քաղաքացիների, Գյումրիում 2858 տնակ օգտագործվում է բնակության նպատակով»,-նշեց քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Անօթևանների տնակների փոխարեն տասը բնակարան. ՀԱԵ թեմերի նվեր ծրագիրը ավարտական փուլում է

Նշենք, որ հենց այս ինֆորմացիան ճշգրտելուց հետո է հնարավոր որոշել խնդրի լուծման որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությու՞ն, վթարային շենքերի ամրացում կամ անավարտ շենքերի ավարտ, թե՞  բնակարանի գնման վկայագիր:

Աշխատանքային խումբը  ՀՀ վարչապետին վերջնական տվյալները կներկայացնի հունիսի 30-ին, իսկ մինչ այդ կշարունակի ուսումնասիրություններն ու  հաշվառումը:

Նշենք, որ սա աշխատանքային խմբի 2–րդ նիստն էր, որի ժամանակ քննարկվեցին միայն Շիրակի մարզին ու Գյումրուն առնչվող հարցերը: Նմանատիպ հանդիպում կլինի նաև Լոռիում:

Հիշեցնենք` երկրաշարժի 30-րդ տարելիցին Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել ու ներկայացնել ստույգ ինֆորմացիա տնակների ու անօթևանության խնդրի վերաբերյալ: ՀՀ  վարչապետի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ։