Մարզական երեք կազմակերպություն պետական դրամաշնորհ ստացան

Խմբակավարներն աշխատավարձ կստանան, երեխաներն էլ սպորտով կզբաղվեն ևս կես տարի։ Կառավարությունը որոշեց փոխել նախկին որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանյան 3 մարզական կազմակերպություններ պետական բյուջեից ֆինանսավորում կստանան դրամաշնորհի տեսքով։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում։

Երկու ոսկի և բրոնզ. հայ մարզիկներն աչքի են ընկել սամբոյի աշխարհի գավաթում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացրած առաջարկով` «Հայաստան», «Սևան» և «Դինամո» մարզական ակումբներին տրամադրվեց 626 311 000 ՀՀ դրամ։

Այս գումարով նախատեսվում է ապահովել մարզական խմբակների կես տարվա աշխատանքը և պայմանավորված է նրանով, որ մարզական խմբերի խմբակավարներն արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել` կապված 2019թ–ի բյուջեում մարզական կազմակերպությունների դրամաշնորհների կրճատմամբ։

Վարչապետի հարցին, թե ինչով են տարբերվում այս մարզական կազմակերպությունները մարզական մյուս ակումբներից ու մարզադպրոցներից, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Չեն տարբերվում։ Նույն գործունեությունն են ծավալում։ Սա ԽՍՀՄ–ից եկած հին ավանդույթ է, որ յուրաքանչյուր մարզական կազմակերպություն իր ուրույն գործունեությունն է իրականացնում»։

«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ կստանան. Կառավարությունը գումարը փոխանցեց

Ղազարյանի խոսքով` պետական ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում մարզական այս կազմակերպությունները կկանգնեն վտանգի առաջ, և գյուղական բնակավայրերում խնդիրներ կառաջանան երեխաներին այլ մարզական կազմակերպություններում տեղավորելու հետ։

Այդուհանդերձ, նախարարը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի դիտողությանը` բոլորի համար համահավասար պայմաններ ստեղծելու մասին, և տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով արդեն իսկ մարզադպրոցների միասնական քարտեզ գծելու ծրագիր են իրականացնում, որի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետ։

Կառավարության նիստում նաև հայտարարվեց, որ պետական ֆինանսավորում ստացած 3 կազմակերպությունները միասին Հայաստանի տարածքում ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում են ավելի քան 5000 երեխա։