Տարիներ անցան. ինչպես դպրոցականը ջինսի պատճառով սիրահարվեց Զարմինե Զեյթունցյանին

Ժամանակակից հայ գրականության դասական Պերճ Զեյթունցյանի ավագ դուստրը` Զարմինեն, որը հայտնի է իր բազմակողմանի ունակություններով, պատմում է դպրոցում, բակում և Ծաղկաձորում անցկացրած պատանեկան տարիների մասին։ Դիտեք Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի հեղինակային ծրագրի հերթական թողարկումը:
Sputnik

«Տարիներ անցան» հաղորդման հերթական թողարկման հյուրի մանկությունն անցել է Երևանի Կասյան փողոցում գտնվող տան բակում, որտեղ հիմնականում մտավորականներ էին ապրում։ Շենքում նույնիսկ մանկական գրադարան կար։ Եվ այդ հանգամանքն ազդել էր նրա մանկական երևակայության վրա։ Ամառային արձակուրդների ժամանակ նա մի անգամ փոքրիկ սեղանն իջեցրեց բակ, դասավորեց գրքերը և երեխաներին  առաջարկեց «գրադարանավար» խաղալ։ Հետո շատ զարմացավ, որ ցանկացող չգտնվեց...

Ինչպես էին թաքնվում ավտոտնակաների արանքում և «փախչում» տաքսուց. հիշում է Աննա Մնացականյանը

Սակայն ամենից շատ նրա հիշողության մեջ դրոշմվել է մեկ այլ բակային պատմություն։ Մի օր Եղիշե Չարենցի թոռը` պապի անվանակիցը, երկու ընկերների հետ, որոնք նույնպես  հայտնի անձանց սերնդից էին և կրում էին ճանաչված նախնիների անուն–ազգանունները, հայտնվեցին ոստիկանությունում։ Այն բանից հետո, երբ Չարենցի թոռն ասաց իր անունը, իսկ երկրորդն իրեն Լևոն Մադոյան կոչեց, ոստիկանը դիմեց երրորդին. «Իսկ դու երևի Հովհաննես Թումանյա՞նն ես»։

Զարմինեն առանձնակի ջերմությամբ է հիշում ամառային արձակուրդը, երբ 80-ականներին հանգստանում էին Ծաղկաձորի գրողների տանը։  Այն ժամանակ  նրան ԱՄՆ–ից Monopoly խաղ էին նվեր ուղարկել, ինչը խորհրդային իրականության համար արտասովոր մի բան էր։ Այդ խաղն իսկական ֆուրոր էր առաջացրել Ծաղկաձորում։ Մինչև ուշ երեկո խաղում էին գրեթե բոլոր տարիքի հանգստացողները, իսկ տպավորված և խաղով տարված դեռահասները խաղի ինքնաշեն տարբերակներ էին ստեղծում։

Տարիներ անցան. բակային ֆուտբոլը, գողացած դարպասն ու մարզական պայուսակում թաքցրած ջութակը

Զարմինեի դպրոցական կյանքն անցել է Տերյան փողոցում գտնվող, Կրուպսկայայի անվան էլիտար ուսումնական հաստատությունում։ Նա գերազանցիկ է եղել և ակտիվիստ։ Զբաղվել է սպորտով, ներկայացումներ է կազմակերպել, բայց կարողացել է նաև կոլեկտիվ փախուստ կազմակերպել։ Մի օր նրա հետ զվարճալի դեպք է տեղի ունեցել։ Առավոտյան դպրոց շտապելիս հաջողացրել է դպրոցական համազգեստով ընկնել լոգարանի մեջ, որն այն տարիներին բոլորի տանը մշտապես լցված էր լինում ջրով։ Ջուր մի քանի ժամով միացնում էին առավոտյան, հետո ևս մի քանի ժամով` երեկոյան, անհասկանալի գրաֆիկով։ Անսպասելի պատահարը շատ է ուրախացրել Զարմինեին։ Մայրը զանգահարել է տնօրենին` զգուշացնելու համար, որ դուստրն այսօր ստիպված դպրոց է գնալու ջինսով։ Այդ տարիների համար դա իսկապես տգեղ էր։ Ընկերուհիները նրան գրություն են փոխանցել հեղինակավոր  մի բարձրդասարանցուց, որն այդ օրը նրան նույնիսկ չէր տեսել, բայց գրել էր, որ Զարմինեի` դպրոցում ջինսով հայտնվելը ստիպել է սիրահարվել նրան։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է բակային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին և անցյալի այլ վառ պատմություններին։