ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի 22 ընտանիքներ ապրում են առանց ջրի, գազի, կոմունալ որևէ հարմարությունների դեռ հերիք չէ` փողոցում բեռնատար անցնելիս էլ տան պատերից քարեր են թափվում։
Շենքերը վթարային են դարձել 1988–ից հետո. մինչ այսօր բնակիչները խնդրի լուծման համար թակել են հնարավոր բոլոր դռները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչներից Քնքուշ Սահակյանը պատմեց, որ չորս տարի առաջ վթարային շենքերի 29 ընտանիքներից 7-ը կառավարությունից 6 միլիոն 600 000–ական դրամ փոխհատուցում են ստացել, մյուսներին ասել են` սպասեք։
«Երեսուն տարի է` սրան–նրան նամակ գրելով էլ սպասում ենք։ Բայց այսպես ապրել արդեն հնարավոր չէ. երեխաներին չգիտենք տան որ մասում պառկեցնենք քնելու, որ հանկարծ գլխներին քարեր չթափվեն»,–ասում է տիկին Քնքուշն ու հավելում` 3 անչափահաս թոռ ունի, որոնք, ինչքան էլ ծիծաղելի հնչի, զուգարանի երես չեն տեսել։
Տիկին Քնքուշի բազմանդամ ընտանիքը վերջերս մի քանի օր գյուղապետարանում, մի քանի օր էլ դպրոցում է գիշերել, սակայն գյուղապետը, մարզպետը հավաստիացրել են` խնդրին լուծում են տալու, որից հետո նորից վերադարձել են տուն։ Կինն ասում է, որ ուրախության առիթների ժամանակ կենացը տանն են խմում, հետո դուրս գալիս բակ ու այնտեղ պարում, որ դղրդոցից տունը չփլվի։
Քնքուշի թոռներից մեկն էլ` 7–ամյա Թաթուլը, արդեն չի հիշում, թե քանի անգամ է հյուրասենյակում քնելու տեղը փոխել, որպեսզի գիշերը բեռնատար անցնելիս տան քարերը չթափվեն վրան։
«Ես ուժեղ տղա եմ, բայց մեկ–մեկ վախենում եմ, շատ եմ վախենում, որ կարող է պատը հանկարծ փլվել վրաս։ Մեծանամ` նախարար եմ դառնալու, որ մեր տունը սարքեմ. հարևաններին էլ կօգնեմ»,–ասում է Թաթուլն ու հավելում` շուտով եղբայր կամ քույր է ունենալու ու կուզեր, որ գոնե նորածնի քնելու տեղն անվտանգ լիներ։
Անուշ Իվանյանն էլ 40 տարի առաջ Լենուղի հարս է եկել, հարմարվել եղած–չեղած պայմաններին, բայց վերջերս տղային ու հարսին առանձին ապրելու է ուղարկել.
«Հիմիկվա ջահելներն այս պայմաններում չեն ապրի. ո՞վ կգա ու առանց ջրի, գազի, զուգարանի փլվող տան մեջ կապրի։ Ի՞նչ անեմ, հո չեն բաժանվելու, ոչինչ, ծայրը ծայրին պիտի հասցնեն ու տան վարձը փակեն»։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ գյուղապետը, որը, բնակիչների պնդմամբ, մոտ 12 տարի ապրել է վթարային շենքում, չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։