«Համով Հայաստան» խորագրի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները այցելել են Երևանի հաստատություններից մեկը, որտեղ իմացել են սաղմոնի սթեյք պատրաստելու գաղտնիքը։ Դրա մասին պատմեց ռեստորանի շեֆ խոհարար Արսեն Ճշմարիտյանը։
Ճշմարիտյանն արդեն մոտ քսան տարի է այս ոլորտում, նրան միշտ դուր է եկել պատրաստելը։ Բանակում խոհարար է աշխատել, հետո արդեն մտել է մասնագիտության մեջ և մինչև հիմա սիրով զբաղվում է դրանով։ Տանը պատրաստում է տոն օրերին, սովորական օրերին ժամանակ չի մնում, և ամբողջ երևակայությունն ու էներգիան իրացնում է աշխատանքի վայրում։
Շեֆ խոհարարի խոսքով սաղմոնի սթեյքը շատ հայտնի է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։ Նման հաջողության գաղտնիքը և եվրոպական սթեյքերից գլխավոր տարբերությունն այն է, որ այս սթեյքը համեմված է հայկական հոգով և սրտով, նշում է Ճշմարիտյանը։
Արսենը պատմեց, թե ինչպես առավելագույն կերպով համեղ պատրաստել սաղմոնի սթեյքը։ Դրա համար անհրաժեշտ է սաղմոնի միս, շամպինյոն, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, բրոկոլի, սև բրինձ, արևածաղկի ձեթ, կոճապղպեղ, նարինջ, պղպեղ, աղ։
Նախօրոք մաքրած ձուկը համեմում են աղով և պղպեղով։ Զուգահեռ կիսաեփ վիճակի են հասցնում բրոկոլին, սև բրինձը և կանաչ լոբին։ Հետո կտրատում են սունկը։ Ձուկը գրիլի վրա պատրաստում են 10-15 րոպե։ Ի դեպ, սթեյքը կարելի է տապակել նաև գրիլ-տապակի մեջ՝ ոչ մեծ քանակությամբ ձեթով։
Այնուհետև բանջարեղենը տապակում են արևածաղկի ձեթով մինչև ոսկեգույն դառնալը։ Պատրաստում են սոուսը․ դրա համար իմբիրը մաքրում են, քամում նարնջի հյութը։ Տապակում են կոճապղպեղը, ավելացնում նարնջի հյութը և մի քիչ խաշում։
Ձուկը և բանջարեղենը դասավորում են ափսեի վրա, վրան լցնում սոուս։ Բարի ախորժակ։
Դիտեք մեր խորագրում նաև այլ հետաքրքիր բաղադրատոմսեր: