Ինչո՞ւ են անչափահասները փախչում տանից. մասնագետը վերհանում է խնդիրները

Անչափահասների կողմից տնից փախչելու կամ առանց ծնողների գիտության ծանոթների տանը հայտնվելու դեպքերը, հատկապես վերջին ամիսներին, շատացել են: Շատ դեպքերում խնդիրն առողջական է, երբեմն էլ դա անչափահասի կողմից հարցի լուծման իր տարբերակն է՝ ինքնահաստատում կամ փախուստ ընտանեկան խնդիրներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե տնից փախչում է սոցիալապես ապահովված ընտանիքի երեխան, ապա դա ծնողների ու հասարակության անուշադրության պատճառն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայկ  Զաքարյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Գյումրու անչափահասների գծով ծառայության պետի պաշտոնը, իսկ ներկայումս նախագահում է Ընտանիքի և երեխաների շահերի պաշտպանություն հասարակական կազմակերպությունը։ «Երբեմն  պատճառն այն է, որ երեխաների հետ չի տարվում սոցիալական աշխատանք:

Երեխան կենցաղային իր կամ ասեղ չէ, որ կորչի . ինչո՞ւ և որտե՞ղ են անհետանում երեխաները

Երեխային մեկ զույգ կոշիկ կամ 1 կգ բրինձ տալով չի լուծվում նրա հոգեվիճակը, չի կարգավորվում նրա խնդիրն ու իրավունքները չեն վերականգնվում: Եթե նորմալ սոցիալական աշխատանք տարվի, ապա կբացահայտվի այդ երեխայի ապրումները, խնդիրները, հուզմունքները  և այս դեպքում հեշտությամբ կարելի է այդ  քայլը կանխարգելել»,–ասում է նա:

Հայկ  Զաքարյանը նաև նշում է, որ չկա անչափահասների հարցերով զբաղվող  կառույցների համալիր մոտեցում ու կարիքի գնահատում:

«Ընդհանարապես վերջին տարիներին նկատելի է անչափահասների կողմից  իրականացվող բացասական երևույթների ավելացում: Անչափահասների հարցերով զբաղվող կառույցները շատ են, բայց համալիր մոտեցում  ու համակարգված աշխատանք չկա: Երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն օղակը համայնքային օղակն է, սակայն այսօր  քաղաքապետարանն ասես հեռացել է իր գործառույթից»,-նշեց Հայկ Զաքարյանը` փաստելով` ի տարբերություն համայնքապետարանների,  մարզպետարանները փորձում են այդ բեռն իրենց ուսերին առնել, սակայն, երբեմն, դա իրենց ուժերից վեր աշխատանք է։

Հայկ Զաքարյանը նաև սխալ է համարում մանկատների բեռնաթափման ծրագիրը: Եթե խնամքի հաստատություններից բեռնաթափում ծրագիրն իրականացվում է առանց լուծելու այդ երեխաների կեցության հարցը, ապա այս պայմաններում, անշուշտ, փողոցներում հայտնվող երեխաների թիվը կավելանա: