Հայաստանը փորձում է հայ տղամարդուն վերադարձնել Ադրբեջանից. Տոնոյանն ընդունել է նրա հորը

Պաշտպանության նախարարը Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը հավաստիացրել է, որ Հայաստանն ամեն ջանք գործադրում է նրա որդուն վերադարձնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս մասին ասել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին:

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Տոնոյանը երեկ ընդունել է Արմեն Ղազարյանին։

Նախարարը նաև նշել է, որ Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ իրենք համագործակցում են մի շարք միջազգային կառույցների հետ։

«Մենք համագործակցում ենք ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ»,–նշել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։