Այսքան երկար սպասել հնարավոր չէ. Մարությանն ասաց` ինչպես կլուծվի տրանսպորտի հարցը

Հայկ Մարությանի` 5 տարվա ընթացքում տրանսպորտի խնդիրը լուծելու խոստումն ուժի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանի տրանսպորտի խնդրի հարցում լինելու են նաև ժամանակավոր լուծումներ, քանի որ այսքան երկար սպասել այլևս հնարավոր չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` չհստակեցնելով, թե որոնք են լինելու այդ ժամանակավոր լուծումները։ Ըստ քաղաքապետի` վերջնական լուծումը կլինի երթուղային նոր ցանցի գործարկումը։

«Մենք ուղևորահոսքերի ճշգրտման վերաբերյալ կրկնակի ուսումնասիրություն էինք պահանջել, և մեր բոլորի բախտը բերեց, որ ըստ մասնագետների` այդ հոսքը չի փոփոխվել, այսինքն` ծրագիրը կարող է աշխատել։ Մյուս կողմից, ADB բանկը, որը ֆինանսավորում էր ամբողջ ուսումնասիրությունը, նշել է, որ ի սկզբանե նոր երթուղային ցանցի իրագործումը պետք է պետությունն իրականացնի, այլ ոչ թե մասնավոր–պետություն համագործակցությամբ»,–ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով` այս առումով խնդիր է առաջացել, քանի որ երթուղային ցանցի իրագործման համար գնումները պետք է վարկով լինեն, սակայն պետությունը չի ուզում իր արտաքին պարտքն ավելացնել։ Ըստ Մարությանի` ստացվում է այնպես, որ պետք է գնան մասնավոր–պետություն համագործակցության։

«Մասնավոր–պետություն համագործակցության փաթեթը պատրաստ չէ։ Այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք օպերատորներին ներկայացնել»,–ասաց Մարությանը։

Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության

Հարցին, թե իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում տրանսպորտի խնդիրը լուծելու խոստումն ուժի մե՞ջ է` Մարությանը պատասխանեց` այո. «Անպայման, ավելին` մյուս տարի 450 միկրոավտոբուս օրենքի ուժով պետք է դուրս գան շահագործումից, և պետք է այդ բացը լրացնենք»։

Հիշեցնենք, որ քաղաքային նախկին իշխանությունները երթուղային նոր ցանցը պատրաստվում էին գործարկել դեռ 2018–ի վերջից: Նրանք դիմել էին WYG միջազգային խորհրդատվական կազմակերպության օգնությանը՝ դրա համար հատկացնելով 850 000 եվրո: Ընկերությունը մշակել էր Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, ըստ որի` ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն պետք է գործեն 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։