ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱՄՆ գործադիր իշխանությունը և նախագահը շատ երկար չեն կարող անտեսել գրեթե բոլոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Ալաբաման դարձել է ԱՄՆ–ի 49–րդ (նախավերջին) նահանգը, որը ճանաչել է 1915թ–ի Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ–ի վերջին նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիպին է։ Ըստ էության նահանգների որոշումները չեն ազդում ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության վրա։ Ճանաչում կարող է համարվել կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված, ԱՄՆ–ի նախագահի կողմից ստորագրված և ԱՄՆ–ի Գերագույն դատարանի կողմից հաստատված դաշնային օրենքը։ Դրանից հետո, անկախ այն բանից, թե ով կլինի նախագահ, ԱՄՆ–ի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ կմնա։
«Ալաբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական քայլ է և գործընթաց, որն ավելի մեծ քաղաքական նշանակություն ունի, քան իրավական», – ասաց Մանոյանը։
Նրա խոսքով` վերջին նահանգի կողմից այդ փաստն ընդունելուց հետո հնարավոր կլինի խոսել հստակ քաղաքական դիրքորոշման մասին, որին ԱՄՆ գործադիր իշխանությունը և նախագահը, որոնք պատասխանատու են երկրի արտաքին քաղաքականության համար, արդեն ստիպված կլինեն լսել։
Մանոյանը նշեց, որ այո, իսկապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ–ի հայերի համար առաջնահերթ խնդիր չէ և դրված չէ օրակարգում։ Սակայն իշխանությունները չեն կարող երկար անտեսել նահանգների դիրքորոշումն այս հարցում։
Մյուս կողմից, յուրաքանչյուր նման հաջող քայլը վկայում է ԱՄՆ–ի հայ համայնքի ուժի և հնարավորությունների մասին։ Որքան ուժեղ են տեղի սփյուռքը և հայկական լոբբին, այնքան շատ են Հայաստանի հետ կապված հարցերը, նրանք կարող են որոշել և քայլեր անել` ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնք օրերս արել է ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը, ապա Մանոյանն այստեղ չի տեսնում շահարկումներ հայերի համար ցավոտ թեմայի շուրջ։
Կոնգրեսի անդամ, ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդն ավելի վաղ ելույթ է ունեցել տեսաուղերձով, որում մեկնաբանել է հայ համայնքին հուզող հարցերը։ Մասնավորապես, նա նշել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պետք է անպայման խոստովանել։
«Ինչպես նահանգի դեպքում, այնպես էլ Գաբարդի հայտարարության մասով այստեղ շահարկումներ չկան Հայոց ցեղասպանության թեմայով։ Ինչպիսի՞ օգուտ կարող է ունենալ նահանգը կամ ԱՄՆ նախագահի հենց այդ թեկնածուն», – ասում է Մանոյանը։
Նա նշեց, որ Գաբարդը հնչեցրել է իր դիրքորոշումը Հայկական հարցի մասին դեռ 2017թ–ին, երբ այցելել է Արցախ։ Հետևաբար, կասկած չկա, որ նա հետագայում կարող է մոռանալ իր խոսքերը կամ անտեսել դրանք, նշեց Մանոյանը։
Նշենք, որ 2017թ–ի հոկտեմբերից արդարադատության և մարդու իրավունքների հարցերով հայկական իրավաբանական կենտրոնը զբաղվում է Օսմանյան կայսրությունում հայերի ունեցվածքի մասին տվյալների բազա ստեղծելով։