Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում 117 երեխա է սովորում։ Դպրոցի շրջանավարտներից գրեթե 10 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ոչ միայն կրթության և գիտության, այլ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այժմ հետազոտություններ է կատարում` հասկանալու` արդյո՞ք հատուկ դպրոցում կան երեխաներ, որոնք այնտեղ են հայտնվել սոցիալական վիճակից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Բաբայանը։

Անդրադառնալով հատուկ դպրոցները փակելու և ռեսուրս- կենտրոններ բացելու ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկին`նա նշեց, որ փոփոխության նպատակը երեխաների` ընտանիք վերադառնալն է։ Բաբայանի խոսքով` փոփոխությունն ունի մի շարք դրական կողմեր, սակայն նախ պետք է որոշ խնդիրների վրա ուշադրություն դարձնել։

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածինների մայրը հայտնաբերվել է

«Խնդիրն այն է, թե արդյո՞ք բոլոր երեխաների համար կգտնվի լուծում և արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են պատրաստ կրթական առանձնահատուկ պայմաններով երեխաներին ընդունել։ Ռիսկեր միշտ կան` հաշվի առնելով մեր ունեցած մարդկային և ֆինանսական ռեսուրսները։ Շատ կարևոր է գործընթացի պարբերաբար գնահատումը, և դրանց արդյունքների վերլուծությունը, համապատասխան քայլերի իրականացումը»,–ասաց Բաբայանը։

Ըստ նրա` ճիշտ է, որ շատ հաճախ գիշերօթիկները երեխաների համար կրթական կարևոր օղակ են հանդիսանում, բայց ամենակարևորը երեխայի` ընտանիքից հեռու չլինելն ու իր համայնքում համապատասխան կրթության կազմակերպումն է։ Բաբայանի խոսքով` այն երեխաները, որոնք հատուկ կրթական հաստատություններում են ոչ թե առողջական, այլ սոցիալական վիճակից ելնելով, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է փորձի, նրանց սոցիալական խնդիրը լուծելով, երեխային բերել հանրակրթական դպրոցի դաշտ։ Բաբայանը կարծում է, որ երբ երեխան սոցիալական պայմաններից ելնելով է հայտնվում հատուկ դպրոցներում, ապա կոպտորեն խախտվում է նրա` կրթություն ստանալու իրավունքը։

ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ

Նա նշեց նաև, որ կարծում է` իրենց դպրոցը չի փակվելու, քանի որ լսողության խնդիրներ ունեցող երեխաները կարիք ունեն իրենց կրթական հաստատությունն ունենալու։

Նա տեղեկացրեց, որ իրենց դպրոցում 117 երեխա է սովորում` բոլորը լսողության խորը խանգարում ունեցող երեխաներ են. նրանց մի մասը նաև հավելյալ խնդիրներ ունեն։ «Ես չեմ կարող ասել, թե այդ երեխաներից քանիս են սոցիալապես անապահով, բայց նրանցից շատերը նպաստառու ընտանիքներում են ապրում։ Սակայն, մյուս կողմից, մեր շրջանավարտների գրեթե 10 տոկոսը ստանում է բարձրագույն կրթություն։ Աշխատանքի հարցն, իհարկե, բարդ է, սակայն անգամ առողջական որևէ խնդիր չունեցողները հիմա չեն կարողանում հեշտությամբ աշխատանք գտնել»,–ասաց Բաբայանը` հավելելով, որ կան լսողության խանգարում ունեցող երեխաներ, որոնք իրենց ծրագրավորման կենտրոնն ունեն։

Հիշեցնենք, որ երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող ասել` քանի գիշերօթիկ դպրոց է փակվելու։ Նրա խոսքով` երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, պետք է հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց։ Նախարարը նշել էր նաև, որ գիշերօթիկ հաստատությունը, ցավոք, հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, և իրենք պետք է ռեսուրսներ ուղղեն այդ ընտանիքներին օգնելուն ու համայնքում համապատասխան ծառայությունները ստեղծելուն։