Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին

Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր գտնվելու պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանն այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:

ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Այս մասին հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից:

Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահման  պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:

Զրույցի ընթացքում Կ. Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:

Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։