ՌԱԴԻՈ

Նոր տրամաբանություն սփյուռքի հետ հարաբերություններում. Sputnik-ի հյուրը Տեր-Գրիգորյանն է

Հայաստան-սփյուռք համագործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով նոր տրամաբանություն է դրվում հարաբերությունների մեջ: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
Sputnik

«Գլխավոր հանձնակատարը եզակի պաշտոն է, մեր երկրում չի լինելու դրա նման երկրորդը, և նա ուղղակիորեն աշխատելու է վարչապետի աշխատակազմում, վարչապետի անունից և վարչապետի կողմից լիազորված, աշխատելու է ուղղակիորեն համայնքներում: Մենք այստեղ առաջին անգամ առաջ ենք տանում, որ Հայաստանը պատրաստ է աջակցել սփյուռքին և ոչ թե ակնկալել միայն օգնություն: Մենք աջակցելու ենք համայնքներին տարբեր հարցերով»,- ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատարը: Ըստ Տեր-Գրիգորյանի՝ օգնությունը սփյուռքի հետ լինելու է փոխադարձ, դիտարկվելու է որպես հավասար գործընկերություն, և բացի ֆինանսականից շեշտը դրվելու է ավելի շատ մարդկային ներուժի վրա:

Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»

«Սրանով նոր ինստիտուտ ենք առաջարկում և ստեղծում, որը հիմնականում կաշխատի 4 ուղղություններով. հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանում և համայնքների աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման համար: Գրասենյակը տարբերվելու է նախարարությունից այնքանով, որ այլևս հանդես չի գա որպես ծրագիր իրականացնող: Դրա փոխարեն ծրագրերն իրականացնելու են բոլոր 12 նախարարությունները և այլ գերատեսչություններ: Եվ այս գրասենյակը կոորդինացնող մարմինն է լինելու այդ գերատեսչությունների միջև»,- ասել է Տեր-Գրիգորյանը:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:

Մարտի 7-ին գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նախատեսվում է նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12: