Համայնքներում ուզում ենք համամասնական ընտրակարգ ներդնել. Սուրեն Պապիկյան

Համամասնական ընտրակարգում շեշտը միայն կուսակցական պատկանելության վրա չպետք է դրվի, քանի որ փաստ է` մարզերում կուսակցությունները բավարար զարգացած չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայաստանի համայնքներում համամասնական ընտրակարգ ենք ուզում ներդնել։ Այսօր` մարտի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Չինական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում կանի Կաթնաղբյուրում. Սուրեն Պապիկյան

Ըստ նրա` որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, համամասնական ընտրակարգում շեշտը միայն կուսակցական պատկանելության վրա չպետք է դրվի, քանի որ փաստ է` մարզերում կուսակցությունները բավարար զարգացած չեն։

«Ավագանիում և համայնքի ղեկավարմանը հանրային նախաձեռնություններին, քաղաքացիական և հասարակական խմբերին ներգրավելու համար պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք։ Բացի այդ, ՏԻՄ–ի մասին օրենքում նախատեսում ենք փոփոխություն կատարել. մենք պետք է ունենանք խոշոր և խոշորացված համայնքներ։ Այս առումով մեր առաջին քայլը մարզպետարանների աշխատակիցների կրճատումը պետք է լինի»,–ասաց նախարարը։

Խոսելով համայնքների խոշորացման մասին` Պապիկյանը նշեց, որ հաճախ դրանք տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով։ Նախարարի խոսքով` երբ ասում են, թե համայնքները պետք է համաձայն լինեն խոշորացմանը, խոսքը չի վերաբերում համայնքապետներին, այլ կարևոր է հանրության համաձայնությունը ստանալ։

Որոշ պաշտոնյաներ Մեղրիի հողերը սեփականաշնորհել են լումաներով. Պապիկյան

«Մենք պետք է տնտեսական հաշվարկ ունենանք, որպեսզի ներկայացնենք, թե ինչ է շահելու քաղաքացին խոշորացումից։ Իսկ քաղաքացին էլ պետք է ներկայացնի` ինչ հարցերում է տուժելու ինքը կամ համայնքը խոշորացման գործընթացից։ Անհրաժեշտության դեպքում հանրային լսումներից զատ` տեղական հանրաքվեներ կիրականացնենք»,–ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց նաև, որ տեղական հանրաքվեների մասին օրենքում առաջիկայում Ազգային ժողովի տարածքային կառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության հանձնաժողովը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ։