Երևանում տղամարդը նոութբուք է գողացել խանութից. տեսանյութ

Դյուրակիր համակարգչի գողությունն արձանագրել են տեսախցիկները։
Sputnik

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, անհայտ անձը ՍՊ ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գործող էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից առերևույթ հափշտակել է «Չուվի» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 278 900 դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ 2019թ. փետրվարի 7-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի տարածքում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ–ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: