Խուճապի պատճառ չկա. փորձագետը` ՀՀ–ի հետ սահմանին Ադրբեջանի ՊՍԾ ուժերի հայտնվելու մասին

Փորձագետը վստահ է, որ Երևանը պետք է պահպանի զգոնությունը և հասկանա Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ուժերը փոխելու դրդապատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորամաս տեղակայելու մասին տեղեկությունը նոր չէ, այնտեղ նախկինում կառույց եղել է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական և հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել։ Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին:

«Խուճապի պատճառ չկա, քանի որ դեռ 2018թ–ի հոկտեմբերից սկսած` սահմանի այդ հատվածում, իրենց սահմանից` Ղազախ–Աղստաֆա, մեր սահմանից` Տավուշի մարզի այդ հատվածում, զորքերի տեղափոխում իրականացվեց, այսինքն նշված դիրքերը ՊՆ ստորաբաժանումները հանձնեցին պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներին», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետը նշեց, որ նախկինում այդ տարածքում պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ստորաբաժանումներ չեն եղել։

«Բնականաբար, եթե արդեն դիրքերը հանձնվել էին ՊՍԾ–ին, նշված տարածքում պետք է ստեղծվեր նաև ՊՍԾ զորամաս, որտեղ կտեղակայվեին զորքերը։ Հենց այդ նպատակով էլ այդ տարածքը վերակառուցվել էր։ Որոշակի նոր շինություններ ավելացվել են և հարմարեցվել են հենց սահմանապահ ջոկատին»,– ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյան. «Ադրբեջանի այս զորավարժությունները սցենարով նախորդներից շատ չէին տարբերվում»

Նա նշեց, որ մեծ հաշվով հայկական կողմի համար տարբերություն չկա` դիմացը ադրբեջանական ստորաբաժանման որ տեսակն է տեղակայված։ Հայաստանի համար ոչինչ չի փոխվել։ Այլ հարց է, թե ինչ է մտադիր անել Ադրբեջանն այն ուժերի հետ, որոնք տեղափոխվել են հատվածից, միգուցե դրանք օգտագործվեն որպես ռեզերվային ուժեր։

Ուստի Երևանը չպետք է կորցնի զգոնությունը և վերլուծի, թե ինչ նպատակով է իրականացվել տեղափոխությունը։

Ընդհանուր առմամբ, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախում 2018թ–ի սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ է։