Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Հայաստանի տարածքով Վրաստան և Եվրամիության երկրներ իրանական գազ տեղափոխելու նախագիծը, անշուշտ, հեռանկարային է, Երևանի համար այն չափազանց ձեռնտու է, ինչպես նաև մնացած շահագրգիռ կողմերի համար։ Սակայն իրագործմանը վերաբերող հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, քանի որ Իրանի և ԱՄՆ–ի միջև լարվածության մակարդակը չի նվազում։ Ավելի շուտ` հակառակը։
Եվ այդ գործոնը չի կարելի թերագնահատել` խոսելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին (տնտեսական, ֆինանսական, աշխարհաքաղաքական)։
Իրանի և ԱՄՆ–ի միջև դիմակայությունն այնպիսի աստիճանի է հասել, որ պարզ է` ամերիկացիները Հարավային Կովկասի հարցում ավելորդ ձևականությունների հետևից չեն ընկնի։
Պետք չէ հուսալ, որ Վաշինգտոնում կհամաձայնեն «մատների արանքով» նայել ոչ մեծ շահեկան բիզնեսին, ինչի հույսն ունի Հայաստանը` իրանական գազի տեղափոխման վրա գումար վաստակելու ակնկալիք ունենալով։
ԱՄՆ–ը սկսում է ճնշում գործադրել իր այնպիսի դաշնակիցների վրա, որոնք ունեն իրանական նավթի կարիքը, ինչպիսիք են, օրինակ, Իտալիան կամ Ճապոնիան։ Եվ նման պայմաններում ամերիկացիները նրբանկատ չեն լինի նաև Հարավային Կովկասում։
Նրբանկատ չլինել նշանակում է հայտնվել իրանական երկրորդային պատժամիջոցների տակ։ Ճիշտ է, այդ պատժամիջոցները Երևանի համար տնտեսական առումով քիչ վնասակար են, քանի որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ֆինանսների և լուրջ ներդրումների հետ կապված գործարկված նախագծեր չկան։ Սակայն քաղաքական առումով ամերիկյան պատժամիջոցները կարող են լուրջ բարդությունների հանգեցնել։ Օրինակ, միջազգային ասպարեզում` ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող կտրուկ ակտիվության առումով։
Հայաստանը պարտավոր է իր առջև դնել աշխարհաքաղաքական գերակայություններ և հրապարակել դրանք
Ինչ էլ լինի, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ֆինանսատնտեսական և քաղաքական առումով հեռանկարային նախագծից։ Իհարկե, ոչ։ Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ դասավորել արտաքին քաղաքական գերակայությունները։ Եվ, որ պակաս կարևոր չէ, հրապարակել դրանք դիվանագիտական և ԶԼՄ հարթակներում։
Մասնավորապես, ասել, որ Թեհրանը ԱՄՆ–ի հետ որոշակի խնդիրներ ունի, մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ, սակայն Հայաստանի համար, որն առանց այդ էլ ունի փակ սահմաններ և՛ արևմուտքից, և՛ արևելքից, Իրանն իրականում կենաց ճանապարհ է։ Եվ հաստատ յոթ սարից այն կողմ գտնվող ԱՄՆ–ը չպետք է թելադրի Հայաստանին նրա աշխարհաքաղաքական գերակայությունները։
Առավել ևս, որ մինչև հիմա Հայաստանը միջազգային քաղաքական ասպարեզում համաշխարհային գերտերության հետ բարեկամական հարաբերություններից լուրջ արտոնություններ չի ունեցել (հիշենք նույն ղարաբաղյան հիմնահարցը)։ Ի տարբերություն Իրանի, որն օգնել է ծանր պատերազմական տարիներին, հիմա էլ երկրի տնտեսության գրեթե ոչ այլընտրանքային տարբերակ է։ Թեհրանն իսկապես հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի լավ–վատ կայունություն պահպանվի արցախյան առաջնագծում։
Միաժամանակ լուրջ հեռանկարներ կան Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար։ Մարտի 12–ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը քննարկել է իր ռուսաստանցի գործընկեր Ալեքսանդր Նովակի հետ Հայաստանի միջոցով երկու երկրների էլեկտրացանցերը միացնելու հեռանկարը։
Հետո էլ հայտնի է, որ առաջիկայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ «Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ոլորտում։ Դա շատ կարևոր համաձայնագիր է, քանի որ Հայաստանն աշխարհագրական սահման ունի Իրանի հետ, և հայ գործընկերներն այդ համաձայնագրի ամենաակտիվ նախաձեռնողներից էին», – ԶԼՄ–ներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերի նախարար Տատյանա Վալովայան։
Այդ սխեմայում կարող էր տեղավորվել Հայաստանի տարածքով Վրաստան և Եվրոպա իրանական գազ առաքելու նախագիծը։
Առավել ևս, որ արդեն հայտնի է` գաղափարը և նախագիծը վայելում է բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը, մասնավորապես Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և նույնիսկ Թուրքմենստանի։